Ի՞նչն է կաշկանդում Փաշինյանին խոսել TRIPP-ին ՌԴ մասնակցության մասին
Օրերս Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու հայտ ներկայացրեց: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացան 2021-2023 թվականներին մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ:
Նա նշել է, որ այդ համաձայնագրերի արդիականությունը ճանաչվում է և՛ Բաքվում, և՛ Երևանում, այդ թվում՝ «Թրամփի ճանապարհի»՝ հարավային Հայաստանի միջով Ադրբեջանի մայրցամաքային տարածքից դեպի Նախիջևան տարանցիկ երթուղու վերաբերյալ:
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու՝ ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ՝ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը: Դրա համար կան բավարար հիմքեր: Ըստ էության, մեր առջև Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է: Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա»,- ասել է Կալուգինը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը:
«Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով: Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող գործել առանց Ռուսաստանի»,- ընդգծել էր Կալուգինը։
Անդրադառնալով ՌԴ այս հայտին՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրի մասնակցությունը հնարավոր է միայն երկկողմ ձևաչափում։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել էր, որ Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ զբաղվել Երասխ-Նախիջևան և Ախուրյան-Թուրքիա հատվածների երկաթուղու ամբողջական վերականգնմամբ։
Նա հավելել էր, որ առաջիկայում նման հարց կբարձրացնի նաև Իջևան-Ղազախ հատվածի վերաբերյալ, քանի որ դրա արագ վերականգնումը նույնպես առաջնահերթություն է, և հույս է հայտնել, որ ռուս գործընկերներն այդ խնդրանքը հնարավորինս արագ կիրականացնեն։ Ամենայն հավանականությամբ, այս խնդրանքը փոխանցվել է օրերս ՀՀ այցելած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Ուշագրավն այստեղ այն է, որ Փաշինյանը խուսափում է թեմային անդրադառնալ, դա պատճառաբանելով պրոյեկտի երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ բնույթով այն դեպքում, երբ ամիսներ շարունակ գովաբանում են վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու պնդում, թե Հայաստանն ամբողջությամբ պահպանում է իր ինքնիշխանությունն այս պրոյեկտի նկատմամբ: Թեև զուգահեռաբար հայտնի է, որ ձևավորվում է ՀՀ-ԱՄՆ ընկերություն՝ «TRIPP Company», որը, Փաշինյանի խոսքով, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։
«Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։ Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ»,- վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում ասել էր Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։ Այսինքն՝ Փաշինյանն արդեն իսկ խոսում է Եվրոպայի մասնակցության մասին, թեև հայտնի չէ՝ արդյոք եղե՞լ են ՀՀ-ԱՄՆ-ԵՄ խորհրդակցություններ:
Բացառված չէ, սակայն հարցն այն է, թե ինչով է կաշկանդված Փաշինյանն այս պրոյեկտին ՌԴ մասնակցության վերաբերյալ կարծիք հայտնելու հարցում, եթե հայկական կողմը պահպանում է իր ինքնիշխանությունն այս պրոյեկտի նկատմամբ:
Ավելին, Փաշինյանն այն գործիչներից չէ, որն իր հայտարարություններում զգուշավոր է և մշտապես պահպանում է կոռեկտություն արտաքին գործընկերների հետ կապված որոշ հարցերի շուրջ արտահայտվելիս: Վերջին այդպիսի փաստերից մեկն այն էր, որ ՀՀ կառավարությունը հրապարակեց նախագահների մակարդակով գրված նամակագրություն առանց համապատասխան համաձայնեցումների, ինչպես պնդեցին ՌԴ ԱԳ նախարարությունից վերջերս, Արցախյան կարգավորման բանակցությունների հրապարակված փաստաթղթերին:
Սակայն «Թրամփի ուղի» ծրագրում ՌԴ հնարավոր մասնակցության վերաբերյալ Փաշինյանը դրսևորում է իրեն ոչ հատուկ զգուշավորություն և երկկողմ ձևաչափը պահպանելու անհրաժեշտության մասին է խոսում:
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ այս զգուշավորությունը պայմանավորված է մի քանի գործոններով:
Ըստ վերլուծաբանի՝ նախ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ամենայն հավանականությամբ, առաջանալու են շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն նաև Ռուսաստանի հետ և այդ փուլում շատ հարցեր ավելի պարզ կլինեն բոլոր կողմերի համար:
Նրա խոսքով, դատելով տեղեկությունից, որ ՀՀ-ն ՌԴ-ին խնդրել է որոշ ուղղություններով երկաթուղու վերականգնմամբ, կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն այս կամ այն կերպ մասնակցում է ռեգիոնում ապաշրջափակման գործընթացին:
«Սակայն կան շատ հարցեր, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան հաղորդակցական ծրագրին: Կարծում եմ՝ այստեղ ԵՄ-ն փորձելու է առաջ մղել իր ներկայիս օրակարգը՝ դուրս մղել Ռուսաստանին, նվազեցնել ազդեցությունը: Հայկական կողմը կարող է նաև մտածել, որ այս հարցն ավելի գլոբալ օրակարգերի շրջանակում նախ պետք է բանակցեն մեծ խաղացողները:
Կարող են տարբեր ենթադրություններ լինել, սակայն ընդհանուր միտումն այն է, որ ՌԴ-ն հնարավորինս քիչ մասնակցի, մնացած շատ հարցեր կախված են հետագա զարգացումներից ու բանակցություններից»,- ասաց Եվսեևը:
