«Ընկերներս կիսապառկած, ինձ քարշ տալով, անգիտակից դուրս են բերել մարտի թեժ հատվածից, 5 տարի անց ոստիկանությունն ասում է՝ ո՞ւր է զենքդ, ես էլ ասում եմ՝ ո՞ւր է Արցախը». Մասիս Շիրոյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Մասիս Շիրոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոստիկանությունը վերջին շրջանում տարօրինակ հետաքրքրություն է ցուցաբերում պատերազմին իր մասնակցության վերաբերյալ։

Մանրամասնելով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասել էր, որ ոստիկանությունն իրեն 2 անգամ հրավիրել է հարցաքննության, որպեսզի պատմի, թե որտեղ է իր զենքը, սա էլ այն դեպքում, երբ ինքը ծանր վիրավորում է  ստացել 2020 թվականի նոյեմբերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

168.am հետ զրույցում Մասիս Շիրոյանը պատմելով տեղի ունեցածի մասին, նախ ներկայացրեց նախապատմությունը, թե այս ամենն ինչից է սկսվել։

«2020 թվականի պատերազմից հետո ընկերներով ստեղծել ենք «Մարտական եղբայրություն» միաբանությունը և ասել ենք, որ համաձայն չենք նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության պայմանների հետ։ Հիմա նաև համաձայն չենք այս տարվա օգոստոսի 8-ին նախաստորագրված այդ թղթի հետ, քանի որ անունը դրել են խաղաղություն ու ժողովրդին քարոզում են, թե՝ խաղաղություն ենք բերում։

Կարդացեք նաև

Հիմա քանի որ մենք միաբանություն ենք ստեղծել ու հայտ ենք ներկայացրել, բնականաբար, իշխանությունը փորձում է մեզ համար խնդիրներ ստեղծել։ Քրքրել են իմ կենսագրությունը, փորձել «սև կետ» գտնել, ինչն իրականում «սև կետ» չէ։ Ինքս կամավոր եմ գնացել Արցախ, մասնակցել եմ պատերազմին, հետախուզական մարտերի եմ տարել։

9 ընկերներով հարձակում ենք իրականացրել, այն դեպքում, երբ Շուշիից գնում էին՝ իրենց վիրավորներին ու զոհերին թողած։ Մինչև մարտի մտնելը Շուշիից բավականին մեծ թվով զոհեր ու վիրավորներ ենք դուրս բերել, հետո ինքներս ենք հարձակում արել։ Մեկ հոգի զոհ ենք տվել այդ ժամանակ, ես էլ վիրավորվել եմ, մեր հրամանատարը վիրավորներին դուրս բերելուց է վիրավորվել, չի հասցրել մարտի մեջ մտնի։

Վիրավորումս ծանր է եղել, սկսել եմ արնաքամ լինել, ու այս ամենը տեղի է ունենում թեժ մարտերի ժամանակ։ Ընկերներս կիսապառկած, ինձ քարշ տալով՝ դուրս են բերել մարտի թեժ հատվածից։ Այն ժամանակ որևէ մեկը զենքի մասին չի մտածել, բոլորը մտածել են մարդուն հանեն, կյանքը փրկեն»,- նշեց Մասիս Շիրոյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքերից անցել է 5 տարի, սակայն ոստիկանությունը նոր է հիշել, որ ինքը պատերազմին զենքով է մասնակցել։

«Ինձ հարցնում են՝ ո՞ւր է զենքդ, ես էլ ասում եմ՝ բա ո՞ւր է Արցախը, ո՞ւր է Արցախում մնացած զենքն ու զինամթերքը։ Եթե ես որևէ ակտիվություն չցուցաբերեի, բացառվում է, որ իրենք 5 տարի անց հիշեին զենքի մասին։ Ուզում են այս ամենով «գծերը» ստուգեն՝ հասկանալու, թե ինձ վրա ինչ լծակներ կարող են օգտագործել, որպեսզի լռեցնեն։ Այսինքն՝ ընդհանուր տրամադրություններն են ստուգում, ուզում են պարզեն, թե ում վրա ինչ կոմպրոմատներ կարող են օգտագործել, ինձ վրա որևէ բան չեն կարող օգտագործել։ Ես ինչպես սկսել եմ, ինչ երդում տվել եմ, այդպես էլ շարունակելու եմ, երբեք չեմ հանձնվելու, բնական է, սա իրենց դուր չի գալիս։

Կիրանցի դեպքերին էլ կհիշեք, մեր միաբանության բոլոր անդամներին ձերբակալեցին, մեկ օրում 50 հոգու տարել էին։

Այն, ինչ հիմա անում են, մեծ պլանի մի մասն է, հիմա ի՞նչ է անում Փաշինյանը՝ եկեղեցուն է կպնում, մեր խորհրդանիշներին է փորձում կպնի, Հայոց ցեղասպանությունն է ուրանում, և այդ ճանապարհին ովքեր կփորձեն նրան խանգարել, բոլորին փորձ կանի լռեցնելու»,- հավելեց նա։

Նա նաև փոխանցեց, որ ոստիկանություն չի գնացել, քանի որ ո՛չ հանցագործ է, ո՛չ էլ գործակալ կամ ոստիկանության աշխատող։ Եթե ոստիկանությունից որևէ մեկը ցանկություն ունի խոսելու, ապա իր հասցեն գիտեն, կարող են գնալ ու խոսել։

Մասիս Շիրոյանը նաև վերհիշեց մի քանի դրվագներ, որոնց ականատես է եղել 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նա նշեց, որ այս 5 տարիների ընթացքում փորձել են վերլուծել յուրքանչյուր դրվագ, վերլուծել են և՛ Արցախի առաջին պատերազմը, և՛ 44-օրյա պատերազմը, և այն, ինչ օրվա իշխանությունը ներկայացնում է՝ ամբողջությամբ սուտ ու կեղծիք է, թե իբր զինվորների շրջանում հուսալքություն կար, վիճակը վատ էր, և այլն։

«Մենք Արցախի առաջին ազատամարտում մեր տեխնիկական միջոցներով, զենքով 10 անգամ զիջել ենք Ադրբեջանին, Խորհրդային Միությունից Հայաստանը ժառանգություն է ստացել 500 վագոն զինամթերք, Ադրբեջանը՝ 5000։ Այս ամենի պայմաններում, երբ Հայաստանում էներգետիկ ճգնաժամ էր, ատոմակայանն էր փակված, Վրաստանի տարածքում անընդհատ գազատար էր պայթեցվում, և այդ դժվարությունների առկայությամբ Հայաստանը կարողացել է հաղթանակ տանել, որովհետև կամք է եղել։ Ես չեմ ասում, որ սա միայն Առաջին նախագահի շնորհիվ է եղել, անկախությունը նոր էր ձևավորվել, բոլոր ուժերը քիչ թե շատ միմյանց համարժեք էին ու պահանջ կար ազգի կողմից։

Հետո եկավ 2020 թվականը, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում դեռ 25 հազար զորք կար, այնքան, ինչքան առաջին ազատամարտին են մասնակցել։ Սա այն թիվն էր, որով հնարավոր էր պատերազմի ելք վճռել։

Հիմա ի՞նչ, վաղն էլ կարող է ասել, որ Հայաստանը հանձնում է, որ 3 մլն մարդու կյանք փրկի՞, այդ ի՞նչ հիմար խոսույթ է, բանակն ինչի՞ համար է, փրկվելո՞ւ, թե՞ պետությունը պաշտպանելու։

Կներեք օրինակիս համար, բայց սա վատ կնոջ դասական մանիպուլյացիա է, ի՞նչ է նշանակում՝ նոյեմբերի 9-ը ստորագրեցի, որ 25 հազար մարդու կյանք փրկեմ, դրանք 25 հազար զինվոր ու զինվորականներ էին, որոնք պատրաստ էին մարտ վարելու, սպասում էին հրամանի։ Մարտական գործողությունների արդյունքում մենք 3 շրջան ենք կորցրել, ի՞նչ է նշանակում՝ դրանից հետո կապիտուլյացիա ստորագրել»,- շեշտեց  մեր զրուցակիցը։

Մասիս Շիրոյանը նշեց՝ դիմադրություն է պետք այս արևի տակ տեղ ունենալու համար։ Հայ ազգին փորձում են այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը գերտերություն է, իսկ իրականում Հայաստանի քաշային կատեգորիայի պետություն է, որին կարելի է դիմադրել, նույնիսկ այսօր։

«Թեյնիկը միացնում ես, ասում է՝ հնարավոր չէ, որ Ադրբեջանի դեմ կարողանանք մի բան անել, մենք ունենք ռեսուրս, դրա մասին Ադրբեջանը շատ լավ գիտի, հետևաբար՝ Արցախից ոչ թե պետք է հրաժարվել, այլ առհասարակ այդ հարցը չպետք է փակվի։

Ավելին՝ առանձին Արցախի հարց չկա և երբեք էլ չի եղել, Արցախը միացված է եղել Հայաստանին, բայց ոչ մարզի կարգավիճակով, ինչպես շատերն ասում են։ Ամեն ինչ ամրագրված է Սահմանադրությամբ, և այն մարդիկ, ովքեր այսօր Սահմանադրությունը փոխելու հարց են բարձրացնում, ուղիղ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի կամ Ալիևի օրակարգը»,- ընդգծեց Մասիս Շիրոյանը։

Տեսանյութեր

Լրահոս