ՍԻՐՈՒՄ Է ՁԵԶ, ՀՊԱՐՏԱՆՈԻՄ Է ՁԵԶԱՆՈՎ… ՄԻՆՉԵՎ 78. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՍԻՐՈՒՄ Է ՁԵԶ, ՀՊԱՐՏԱՆՈԻՄ Է ՁԵԶԱՆՈՎ … ՄԻՆՉԵՎ 78

Առողջապահության նախարարությունը ապահովագրված քաղաքացիներին առաջարկում է էնդովասկուլյար վիրաբուժություն մինչև 78 տարեկանը։

Էնդովասկուլյար (անոթների ներսից իրականացվող ինվազիվ) վիրաբուժությունը կիրառվում է հետևյալ դեպքերում․

• Վերջույթների պերիֆերիկ զարկերակային հիվանդություն
• Աթերոսկլերոզ, անոթների նեղացումներ և խցանումներ
• Անևրիզմներ (աորտայի, պերիֆերիկ)
• Սուր և քրոնիկ թրոմբոզներ
• Կրիտիկական իշեմիա
• Վարիկոզ հիվանդություն (լազերային կամ ռադիոհաճախային մեթոդներով)
• Վիսցերալ անոթների հիվանդություններ (երիկամային, միջընդերային)
• Արյունահոսությունների կառավարում
• Որոշ ուռուցքների սնուցող անոթների էմբոլիզացի

Սակայն գործող կարգավորումների համաձայն՝ այս կենսական նշանակություն ունեցող բժշկական միջամտությունները ապահովագրության շրջանակում նախատեսված են միայն մինչև 78 տարեկան անձանց համար։

Այսպիսով, ՀՀ-ում ավելի քան 100․000 քաղաքացի, ովքեր 78 տարեկանից բարձր են, զրկվում են անոթների ինվազիվ վիրահատություններն ապահովագրությամբ իրականացնելու հնարավորությունից՝ անկախ բժշկական ցուցումներից, ռիսկից կամ կյանքի պահպանման անհրաժեշտությունից։

Փաստացի, տարիքային չափանիշը դառնում է ոչ թե բժշկական, այլ բացառող գործոն, և պետությունը տարեց քաղաքացիներին առաջարկում է այլընտրանքային՝ փաստացի սահմանափակող ապահովագրական մոտեցում։

Սա առողջապահական քաղաքականություն չէ, այլ տարիքային խտրականություն, որը հակասում է ինչպես առողջության իրավունքի տրամաբանությանը, այնպես էլ համընդհանուր ապահովագրության գաղափարին։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյան, դուք հրապարակային հորդորում եք 60+, 70+, 75+ քաղաքացիներին լինել ակտիվ, աշխատել, բիզնեսով զբաղվել։

Մինչդեռ առողջապահական համակարգը նույն այդ քաղաքացիներին փաստացի ասում է․…..
(սև հումոր չեմ սիրում)»:

Տեսանյութեր

Լրահոս