Ռուսաստանը դեռևս տեղեկություն չի ստացել ԱՄՆ-Ուկրաինա վերջին բանակցությունների արդյունքների վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը դեռևս տեղեկություն չի ստացել ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Եվրոպայի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Չենք ստացել»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով իրավիճակի վերաբերյալ հարցին:
Պեսկովին նաև հարցրել են, թե երբ կարելի է սպասել Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլին:
«Նախ պետք է տեսնենք, թե ինչ կստացվի ամերիկացիների և ուկրաինացիների միջև եվրոպացիների մասնակցությամբ անցկացվող բանակցություններից,- պարզաբանել է նա,- Նախ պետք է տեսնենք, թե ինչ կպատահի»:
Դեկտեմբերի 14-15-ին Բեռլինում տեղի են ունեցել ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներ: Կիրակի բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ, իսկ երկուշաբթի՝ մոտ երկու ժամ: Երկուշաբթի երեկոյան մի շարք եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են բանակցությունների ընթացքը։
