Պոլիտբյուրոյի դեկտեմբերյան միստերիաները

Թվում է՝ երբ մարդուն մի անգամ հնարավորություն է տրվում հանդիպելու մղձավանջային իր կրկնակին, չափելու ստորության իր ներուժը մատնությունների հայելում, նա այլևս մեկընդմիշտ ապահովագրված է նույն դերը ստանձնելու վտանգից:

Թվում է՝ մարդուն կառավարելի համակարգի վերածող գաղափարախոսական քարոզչամեքենաների հիշողությունն այնքան թարմ է, որ մեկընդմիշտ պետք է բացառվեր վերադարձի ամեն մի հավանականություն. համակենտրոնացման ճամբարը՝ որպես մարդու բացարձակ կառավարելիության կատարելատիպ, 37 թվականն ու ստալինյան զտումները՝ մարդկայինի մասին իրենց տխուր և անդառնալի գիտելիքով…

Դեկտեմբերի յոթին անասելի ծանր զգացումով էի հետևում Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ծավալվող պատարագի ծաղրանմանությանը: Շիրակի թեմի հոգևորականների հանդեպ հիացմունքիս և երախտագիտությանս նողկանքի զգացումն էր հետևել, երբ մի խումբ հաղթաբազուկ տղամարդիկ, սրբավայրի հետ անհամատեղելի բացականչությունների ներքո, բռնի ուժով դուրս էին տարել Միքայել Սրբազանի և Վեհափառի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան:

Խնդիրը միայն սրբապղծությունը չէր: Եվ ոչ էլ եկեղեցու՝ բռնությամբ բացվող դռան խորհրդանշական պատկերը, որ նախորդել էր դրան: Եվ կամ այն փաստը, որ հազարավոր մարդկանց սգո և հիշատակի օրը, վարչապետի որոշմամբ, վերածվել էր իշխող վերնախավի էքսկլյուզիվ հանդիպման իրենց անվտանգությունն ապահովող ոստիկանական ուժերի հետ:

Առաջին միտքը, որ ճեղքել էր նողկանքի հաստ թաղանթը՝ Յոթ Վերքի կամարների տակ պարտիական մարտակոչեր նետող հաղթաբազուկ այդ տղամարդկանց ներկայացումը դիտելիս, հետևյալն էր. ինչ շուտ է մարդուն լքում մղձավանջային հայելու հիշողությունը, ինչ հեշտ է մարդը վերածվում գործիքի:

Եվ անմիջապես էլ՝ աղաղակող այդ ստորության արձանագրումից ծնվող ուրիշ մի միտք. մի՞թե գործիք դառնալու սարսափն ինքնին բավարար չէ, որպեսզի մարդիկ համախմբվեն՝ անկախ իրենց ջերմեռանդության աստիճանից կամ համոզմունքներից…

Այս տողերը գրում եմ՝ որպես շարքային հայ մարդ, որի համար սպառվել են փոխաբերություններն, ու այլաբանությունները դարձել են անզոր: Պարզապես հայ մարդ, որի համար 2020 թվականից ի վեր՝  շղթայական հրաժարումների և ուրացումների հյուծող այս համապատկերում, Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռը եղել են լույսի և հավասարակշռության միակ կայուն աղբյուրը, միակ իրական պատնեշը Հայրենիքի փուլային աճուրդի և կազմաքանդման հոգեմաշ գործընթացի դեմ:

Հավատարիմ իր վերքաղաքական կոչմանը՝ Մայր Աթոռը հերթական անգամ իր ուսերին վերցրեց պատմությամբ իր համար սահմանված դժվարին բեռը՝ արտահայտել և որդեգրել հայ մարդու անհանգստությունը: Մայր Աթոռն արեց այն, ինչ չկարողացավ անել ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն, ոչ մի մշակութային կառույց կամ հիմնարկ. այն, ինչ ես և քույրերս, հարազատներս էինք խնդրում մտքում ամեն օր. ձևակերպել և լսելի դարձնել մեր անհամաձայնությունը:

Ուստի՝ ստեղծված իրադրության մեջ, երբ օրհասը դարձել է ֆիզիկական զգացողություն և վիճակ, ավելի, քան տարակուսելի է դառնում այն թեզը, որ, որպես սեփական լռության արդարացում, շարունակում են շրջանառել որոշ մտավորականներ, գործիչներ, անհատներ՝ պնդելով, որ Եկեղեցին առաջինն է խախտել հավասարակշռությունը, ներխուժել քաղաքականության դաշտ:

Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ երկրի լինելիության խնդիրը, ազգային, մշակութային ինքնության կենարար առանցքը, որով պայմանավորված է ցանկացած մեծ կամ փոքր ժողովրդի գոյատևումը, կարող են օրերից մի օր քաղաքական հարց հռչակվել իշխող պոլիտբյուրոյի կողմից:

Չէ՞ որ քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդն էլ գիտի, որ Պաշտպանության նախարարության առջև ժամեր շարունակ իրենց անհետ կորած զավակների մասին տեղեկության մուրացող մարդկանց դեմքերին դաջված վշտի կարծրացած դիմակը վաղուց ի վեր դադարել է քաղաքականություն լինել:

Որ պետական մակարդակով աղավաղվող մեր պատմության մեծ և փոքր էջերը վաղուց ի վեր դադարել են քաղաքականություն լինել:

Որ բարձր ամբիոններից տեղացող հայհոյանքների և գռեհկաբանությունների տարափը, որպես ՀՀ նյու-լեզվական օրենսգիրք, վաղուց ի վեր քաղաքականություն չէ:

Որ քաղաքականություն չեն այն արժեքները, մտապատկերներն ու խորհրդանիշները, որոնց շուրջ հյուսվում է յուրաքանչյուր ժողովրդի ինքնությունը: Եվ որ քաղաքականություն չէ հիշողության սրբագրումը, այլ՝ հանցագործություն, որ իր դրոշմն է թողնում յուրաքանչյուրիս ներքին և մինչև իսկ անձնական կյանքի վրա:

Այո՛, Հայրենիքի տուրևառության, պարտադիր ուրացումների և հրաժարումների ողբերգությունը ներխուժել է մեր ներքին կյանք և առօրյա, խառնվել մեր կենսառիթմին, վերածվել է անձնական ողբերգության: Արհավիրքը կանգնած է մեր առջև և շնչում է մեզ հետ, մեր դեմքին:

Առանց ինքներս մեզ խոստովանելու՝ մենք ապրում ենք ինքնիշխանությունը կորցրած երկրի քաղաքացու կյանքով: Ահագնացող անորոշության մեջ դանդաղ պարպվող մեր սպասումներն ու տագնապները, անպատասխան մեր հարցերը, մեր վիրավորանքները, որ փորձում ենք կոծկել ոչ մի տեղ ոչ մի արմատ չունեցող տարօրինակ մի պոզիտիվի շպարով, ինքնիշխանությունից զրկված երկրի քաղաքացու սպասումն ու տագնապներն են:

Եվ դա չտեսնել հնարավոր չէ: Անընդունելի այդ իրողությունն ամեն օր թակում է մեր պատուհանները, հսկում է մեզ անկյունադարձին և աշխատավայրում, գիշերը խառնվում է մեր թունավոր նիրհին: Եվ թուրք-ադրբեջանական պատվերով՝ Մայր Աթոռի դեմ սկսված հալածանքը, որ իրագործվում է բացառիկ վայրագությամբ, ինքնիշխանության կորստի վերջին արարն է դառնալու:

Հոգու խորքում սա բոլորն են հասկանում, նույնիսկ նրանք, ովքեր «օբյեկտիվության» երևակումներն իրենց համար արդարացում սարքած, բավարարվում են ուսերը թոթվելով կամ հոգևոր դասի մտացածին ինտիմ քրոնիկոնը քչփորելով:

Վերջին լարված և ողբերգական շաբաթներին Մայր Աթոռի հոգևորականները բազմիցս հիշեցրին, որ այնտեղ են, որտեղ վեհն ու գեղեցիկն են:

Այնտեղ են, որտեղ Հայրենիքն է՝ որպես իրողություն, որպես ճշմարտություն և անհիշողության մուժը ճեղքող սրբազան տեսիլ: Հիշեցրին դա իրենց խոսքով, իրենց գրավոր ուղերձներով, իրենց արարքներով կամ պարզապես լռելյայն: Եվ ինչպես շատերի, այդպես էլ ինձ համար դա այս ողջ մղձավանջային բեմադրության միակ լուսավոր կետն էր:

Դեկտեմբերն ինձ համար միշտ էլ սպասումների և խոստումների ամիս է եղել:

Այսօր, երբ Համալսարանի իմ ուսանողները, երբ հազարավոր երիտասարդներ բուհերում, դպրոցներում ապշահար վարանմունքով հետևում են ներքին և հոգևոր մեր տիրույթների բռնազավթմանը, հետևում են շփոթված՝ փորձելով վերծանել «ապագա կա ապագա»-ի պարադոքսը, ուզում եմ հավատալ, որ բոլորը, անկախ տարիքային խմբից և հասարակական դիրքից, անկախ իրենց համոզմունքներից և կրոնական զգացումներից՝ կզգան և կհասկանան, որ Մայր Աթոռի հնազանդեցման այս փորձն ընդամենը վերջին արարն է Հայրենիքի փլուզման:

Եվ հոգևոր մեր տիրույթների դեմ սկսված արշավանքի մերժումը մեր միահամուռ դիմադրության և համախմբման սկիզբը կդառնա:

Շուշանիկ Թամրազյան

7.12. 2025

Տեսանյութեր

Լրահոս