ԱԼԻԵՎՅԱՆ ԿԼԱՆԻ ՕՐՈՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿն ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ Է. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Համաձայն եմ այն մտքի հետ, որ ով խաղաղություն չի ուզում, հիմար է։ Բայց խաղաղությունը միակողմանի չի լինում։ Մենք չենք կարող շարունակ զիջել, ու լինի խաղաղություն։ Եթե մենք ասում ենք՝ խաղաղություն, բայց դրա տակ տեսնում ենք Ադրբեջանի զավթողական հռետորաբանությունը, դա այլևս խաղաղություն չէ։ Արցախի էթնիկ զտումից առաջ էլ հիշեք՝ Ադրբեջանն ինչպես էր խոսում։
Չեն կարող ոչնչացնել քրիստոնեական արժեքներդ, օրինակ՝ Շուշիի Կանաչ ժամը, Ղազանչեցոցը, ու դու ասես՝ ես գնում եմ խաղաղության։
Պետությունը չի ստեղծել եկեղեցին։ Եկեղեցին կար այն ժամանակ, երբ պետություն չկար։ 301թ․ քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն։ Սակայն դրանից հարյուրամյակներ առաջ եկեղեցին կար ու գոյություն է ունեցել պետությունից անկախ, հաճախ՝ ի հեճուկս պետության: Հայ Առաքելական եկեղեցին կար Արշակունիների, Բագրատունիների օրոք, ԽՍՀՄ ժամանակներում, գոյություն ունի և հիմա։
- Հիմա որ ասում են՝ եկեղեցում պետք է հնչի օրհներգը, դա ո՞նց է կարգավորվելու։ Ստամբուլում կամ Ամերիկայում գործող Հայ Առաքելական եկեղեցիներում էլ պետք է ա՞յդ երկրների օրհներգը հնչի։ Եթե ուզում են միավորել ազգին, թող Ազգային ժողովի կառավարության նիստից առաջ Տերունական աղոթքը հնչի։

- Արցախի հարցը գիրք չէ, որ երբ ուզես՝ փակես, երբ ուզես՝ բացես։ Այն գոյություն ունի՝ անկախ մեր ընկալումներից, ու դա շատ լավ հասկանում է Ալիևը։
- Մեր Սահմանադրության մասին խոսելուց առաջ Ալիևը թող մտածի իր Սահմանադրության մասին։ Որ անկլավների մասին է խոսում, մենք էլ ունենք անկլավ՝ Արծվաշենը, որն ավելի մեծ է, քան իրենց բոլորը՝ միասին վերցրած։ Հիմա մենք ուղիղ կապ ունենալո՞ւ ենք Արծվաշենի հետ, արդյո՞ք ապաշրջափակվելու են բոլոր ճանապարհները։
- Նախիջևանը չի եղել Ադրբեջանի մաս։ Մոսկվայի, Կարսի պայմանագրերով՝ Ադրբեջանին այն փոխանցվել է՝ որպես պրոտեկտորատ, որովհետև այնտեղ կար հսկայական հայկական բնակչություն և ահռելի պատմամշակութային ժառանգություն։ Մարդկանց վտարեցին խաղաղ ժամանակ, ոչնչացրեցին ժառանգությունը, օրինակ՝ Ջուղայի խաչքարերը։ Սա ցեղասպանություն է։ Ադրբեջանն այդկերպ ոչնչացրեց այն հիմքը, որով որպես պրոտեկտորատ՝ իրեն էր հանձնվել Նախիջևանը՝ առանց երրորդ կողմին փոխանցելու իրավունքի։ Հիմա Ադրբեջանը, թեպետ ձևականորեն, բայց ընդունում է Նախիջևանի ինքնավարությունը, բայց մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը։ Սա տարբերակված մոտեցում է, այդպես չի՛ լինում։
- Հակառակորդի հետ կան շփման եզրեր, կա կոնսենսուսի հնարավորություն։ Ադրբեջանը թշնամի է, որովհետև Ադրբեջանի նպատակն աշխարհի քարտեզից Հայաստանի վերացումն է։
- Եկեղեցին պետական, հայաստանյան կառույց չէ, որ պետական խորհրդանիշներ դնեն եկեղեցում։ Չի կարելի 1700-ամյա կառույցը ստորադասել 30-ամյա կառույցին։
- Բոլոր ավտորիտար համակարգերում բոլոր դիկտատուրաները ժամանակավոր են։ Եթե հայատյացությունը դադարի, Ադրբեջանում ալիևյան կլանն անկում կունենա։ Միգուցե Ադրբեջանում երբևէ իշխանություն լինի, որ կուզենա Հայաստանի հետ խաղաղ հարաբերություններ ունենալ, բայց Ալիևյան կլանի պարագայում դա բացառված է։ Եթե դեմոնիզացված հայերի կերպարը վերացվի, Ադրբեջանում գլուխ կբարձրացնեն էթնիկ փոքրամասնությունները։

- Հաջորդ քայլը կլինի «Արևմտյան Ադրբեջան» թեզի ու հայերի իրականացված, այսպես կոչված, ցեղասպանության թեզերի մասսայականացումը։
- Հողի կորուստն ամենավատ բանը չի, ինչ կարող է տեղի ունենալ պետության հետ։ Հողը կարելի է կորցնել ու վերադարձնել։ Մենք հիմա ավելի վատ վիճակում չենք, քան Գերմանիան Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներից հետո, կամ Ճապոնիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ավելի սարսափելի է գաղափարի կորուստը։
- Հայաստանում չկա ժողովրդավարություն։ Մեզ մոտ կա իշխանությունների ծայրահեղ պերսոնիֆիկացիա, իշխանությունների կարծր միաձուլում։
- Նիկոլ Փաշինյանի կատարյալ ֆիասկոն այն էր, երբ 2021թ․ընտրություններին մասնակցեց ընտրողների կեսից քիչը։ Ու այս պայմաններում ասել՝ ես լեգիտիմ ղեկավար եմ, ծիծաղելի է։
- ԱԺ ամբիոնից կոշտ քննադատությունն արդյունք չի տալիս, որովհետև մարդը, հասարակությունն այդ քննադատությունների հետևանքը չի տեսնում։
- Մեր Սահմանադրությամբ երկրի նախագահն առանձնապես լծակներ չունի, բայց նա կարող է իր բարձր հեղինակությամբ ազդել գործընթացների վրա։ Նախագահը կարող է խոսք ասել, որը շատ բան կարող է փոխել։ Եվ այդ խոսքը պետք է լսելի լինի, եթե ասում է մի մարդ, ով հեղինակություն ունի հասարակության մեջ։
- 2018-ին հեղափոխություն չի եղել, մարդիկ են փոխվել։ Հայաստանում յուրաքանչյուր ղեկավար բերել է իր բարոյականությունն ու արժեքաբանությունը։ Սովորաբար հեղափոխությունների հիմքում շատ մեծ փոփոխություններ են դրված լինում։ Հեղափոխությունը նոր Հանրապետություն է, որովհետև փոխվում է սոցիալական պայմանագրի հիմքերը։ 2018թ․ հարմար ժամանակ էր 4-րդ Հանրապետություն ստեղծելու․ դա այն ժամանակ չարվեց։
- 1700-ամյա ինստիտուտը չի կարող լինել իդեալական, սակայն այսպես թիրախավորել այդ ինստիտուտը՝ ինքնության ոչնչացում է։ Բայց եկեղեցին շատ ավելի հարատև է, քան ցանկացած իշխանություն։

- ՔՊ-ի քաղաքական գիծը պետական ինստիտուտների թուլացումն է։ Համերաշխության իրենց տեսլականը դրսում ամեն ինչի համաձայնելն է, որ հանկարծ պատերազմ չսկսվի, իսկ ներսում ցանկացած ընդդիմախոսի ձայնը լռեցնելը։
- Միջազգային իրավունքն ուժեղ է այնքան, որքան դու կարողանում ես քո իրավունքներն ու գործիքակազմն առաջ տանել։ Մեր հիմքերն այս առումով ավելի ամուր են, ու Ադրբեջանը դա գիտի՝ սկսած նրանից, որ Լեռնային Ղարաբաղը ոչ լեգիտիմ, քվորում չունեցող հիմքերով է հանձնվել Ադրբեջանին և դուրս է եկել նրա կազմից բացարձակ օրինական հիմքերով։
- Պարտվողականությունը մտցվում է ազգի մեջ, դրա հակառակը ծայրահեղ հայրենասիրությունն է։ Շատ ծայրահեղական կոնցեպտները դարձել են մեր առօրյայի մաս։
- Ես մեր արևմտամետների մոտ չեմ տեսնում փափուկ ուժ, այլ միայն հակառուսականություն եմ տեսնում նրանց կողմից, ովքեր իրենց անվանում են արևմտամետ։
- Արարատն աշխարհագրական մարմին չէ, այն հոգևոր էլեմենտ է, և առհասարակ ոչ ոք չի կարող արգելել մեզ՝ Արարատը որպես հոգևոր սիմվոլ օգտագործել։
Մանրամասները՝ տեսանյութում։
