Վենսը հայտարարել է, որ առայժմ չի մտածում ԱՄՆ նախագահի պաշտոնին առաջադրվելու մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ լիազորված չեն զբաղեցնելու ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնել, սակայն ինքն այդ մասին կխոսի նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2026 թվականի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք միջանկյալ ընտրություններում հաղթելու համար։ Եվ դրանից հետո ես կնստեմ Միացյալ Նահանգների նախագահի հետ և նրա հետ կխոսեմ այդ մասին», – ասել է Վենսը։
Նա նշել է, որ այս պահին կենտրոնացած է ներկայի վրա։
«Եթե ամեն ինչ լավ անենք, քաղաքականությունն ինքն իր մասին կհոգա: Ուստի ես պարզապես կենտրոնանալու եմ իմ աշխատանքի վրա», – հայտարարել է Վենսը։
Լրագրողը նաև հարց է ուղղել փոխնախագահին Մարկո Ռուբիոյի հետ հարաբերությունների և այն տեսակետի մասին, որ նրանք մրցակցում են։ «Ինձ հարցրել են. «Դուք Մարկոյին որպես մրցակից տեսնո՞ւմ եք»։ Եվ, նախևառաջ, եթե մեզնից որևէ մեկը, այնուամենայնիվ, իր թեկնածությունն առաջադրի, դա շուտ չի լինի, և մեզնից ոչ մեկը լիազորված չէ դա անելու։ Ուստի ես կարծում եմ՝ իմ կողմից ծիծաղելի կլիներ ասել, որ Մարկոն իմ մրցակիցն է։ Ոչ, Մարկոն գործընկեր է», – ասել է նա։
Վենսը նշել է, որ ներկայում կենտրոնացած է աշխատանքի վրա. վարչակազմը և հանրապետական մեծամասնությունը մեկ տարուց ավելի ժամանակ ունեն իրենց ծրագիրը մինչև 2026 թ. միջանկյալ ընտրություններն իրականացնելու համար։ Ինչպես Ջեյ Դի Վենսը, այնպես էլ Մարկո Ռուբիոն համարվում են 2028 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնին առաջադրվելու թեկնածուներ։

