
Տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով բացվել է կեղծ WhatsApp էջ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածում բացվել է կեղծ էջ, որի միջոցով ուղարկվել են իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն։
«Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,-նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ն շեշտում է, որ նմանօրինակ գործողությունների նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու միջոցով կատարել խաբեություն կամ հափշտակություն՝ ապօրինի կերպով տիրանալով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև պետական հաստատությունների աշխատակիցներին հարկադրելով ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իրենց լիազորությունները։
Տեսչական մարմինը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն և չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության՝ խուսափելու նմանատիպ զեղծարարություններից։