
Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից. Սամվել Շահրամանյան
«Ագրեսիայի հետևանքով մենք հայրենազրկվել և բռնի տեղահանվել ենք․ մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, որը համարում ենք մեր հայրենիքը, հայրենիքի հիմնական մասը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168․am-ի հարցադրումներին՝ նշեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Կրթության, գիտության և մշակույթի նախարարության դեմ սեպտեմբերյան իրադարձությունները դասագրքերում խեղաթյուրելու առնչությամբ դատական հայցի վերաբերյալ մեր մյուս հստակեցմանն անդրադառնալով՝ Արցախի նախագահն ասաց՝ սերունդները պետք է իմանան ճշմարտությունը։
«Այն չի արտացոլում իրականությունը։ Մենք դատական պրոցեսի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհաստատեն մեր խոսքերը»,- հայտարարեց նա։
Մեկնաբանելով իշխանական պնդումները, թե Արցախը հանձնվել է նաև Եվլախի հանդիպումների հետևանքով, Սամվել Շահրամանյանը նկատեց՝ այդ հանդիպումների մասնակիցները ոչինչ չեն ստորագրել․ դրանք զուտ մարդասիրական բնույթ են կրել։
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել Հայաստանը» փաշինյանիզմի մասին էլ Արցախի նախագահը նշեց․ «Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա»։
Ինչ վերաբերում է Արցախ հավաքական վերադարձին և Արցախի հարցի վերաբացմանը, ապա Սամվել Շահրամանյանը շեշտեց․ «Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից և սրբություններից։ Մենք կարծում ենք, որ ուշ թե շուտ պետք է համապատասխան գնահատական տրվի»,- եզրափակեց Արցախի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում