Նիկոլը «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանյան «ԳլավԼիտի» գլխավոր ներկայացուցիչը օրերս հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը։ Առաջին հայացքից տպավորիչ ու խուճուճ ձևակերպումները քանդելով՝ պարզ է դառնում, որ գործ ունենք հերթական պոպուլիստական ճամարտակության հետ, որտեղ հայեցի և հայկական տարր գրեթե գոյություն չունի։

Արդեն գրեթե յուրաքանչյուր բանական հայի մոտ կասկածի տեղ չի մնում, որ Նիկոլը իրեն դրել է մեր օրերի Էնգելսի տեղը և փորձում է հասարակության մեջ իրականացնել նոր գաղափարաբանական ու արժեհամակարգային ռեֆորմներ։ Նա «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը։

Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ նարատիվներ են քողարկված այս նախագծում և ի՞նչ խնդիր է իրականում փորձում լուծել Նիկոլը։

Մասնավորապես, ըստ նախագծի՝ «պետք է հաղթահարվի հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։

Սակայն գեղագիտությունը որպես հասկացություն էապես բազմազան և սուբյեկտիվ երևույթ է։ Այն ձևավորվում է դարերի ընթացքում՝ կրելով ժողովրդի, անհատների և մշակութային խմբերի բազմաշերտ փորձառությունը։ Այսինքն՝ պետությունը կամ պետական չինովնիկը չի կարող որոշել, թե որն է գեղագիտական և որը՝ ոչ։ Նման ֆունկցիան պետության վրա ոչ միայն դրված չէ, այլև երբ վերապահվում է «իրականի» սահմանման իրավունքը, ստացվում է, որ փորձ է արվում վերևից թելադրել մշակութային ճաշակ և ուղղություն։ «Ժողբաստիոնը» մոռանում է, որ մի ձեռքով խոսում է ժողովրդավարական հասարակության բաց համակարգի սկզբունքների մասին, իսկ մյուս ձեռքով իրականացնում է քայլ, որը նույնիսկ ԳլավԼիտի օրոք չէր համարձակվում արվել։

Նախագծի հեղինակները հայտարարում են, թե «Իրական Հայաստանի գեղագիտությունը» ներառական է և չի հակադրվում որևէ արվեստային ձևի։ Սակայն հենց «իրականի» սահմանումը ենթադրում է, որ գոյություն ունի նաև «ոչ իրական», «կեղծ» կամ «պատշաճ չհամարվող» արվեստ։ Սա անխուսափելիորեն տանում է մշակութային հոմոգենիզացիայի և պլյուրալիզմի սահմանափակման։ Իսկ դա նշանակում է, որ որոշ խմբերի ստեղծագործական մոտեցումները դուրս կմղվեն «իրականի» շրջանակից, որովհետև չեն տեղավորվի նախապես սահմանված նորմերի մեջ։

Նախագծում փաստացի բացասական գնահատական է տրվում Հայաստանի վերջին տասնամյակների մշակութային փորձառությանը՝ այն նույնականացնելով քրեական ենթամշակույթի, պաթետիկ ռազմատենչության և կեղծ հայրենասիրության հետ։ Սա ոչ միայն խիստ սուբյեկտիվ մոտեցում է, այլև անարդարացի՝ իսպառ մերժելով այն մշակութային շերտերը, որոնք նույն ժամանակաշրջանում ստեղծել են արժանահիշատակ և արժեքավոր ստեղծագործություններ։ Պետությունը չի կարող միակողմանի կերպով վերագրել ամբողջ մի դարաշրջանի գեղագիտությունը միայն բացասական երանգներով՝ հարմարեցնելով այն Նիկոլի ճաշակին։

Այսպիսով, «Իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը, չնայած գեղեցիկ ձևակերպումներին, իրականում պարունակում է խորքային վտանգներ։ Այն կարող է վերածվել պետական վերահսկողության գործիքի՝ սահմանափակելով արվեստի ազատությունը, խաթարելով մշակութային բազմազանությունը և իդոլոգիզացնելով կրթական համակարգը։ Արվեստը չի կարող թելադրվել վերևից․ այն իր բնույթով անսահմանափակ, հակասական և բազմաձայն գործընթաց է։ Եթե պետությունը ցանկանում է աջակցել գեղագիտությանը, ապա դա պետք է անի ոչ թե սահմանելով և կարգավորելով, այլ ազատ միջավայր և հավասար հնարավորություններ ապահովելով բոլոր ստեղծագործողների համար։

Այսինքն՝ Նիկոլի կողմից ժամանակին հայտարարված «Երկրի հակառակ կողմը» այսօր վերածվում է պետական դոկտրինի։ Իսկ մեկ կարևոր դիտարկում էլ կա․ փաստաթղթի այս ծավալուն տեքստում ոչ մի անգամ չեն հիշատակվում «հայ», «հայկական» և «հոգևոր» բառերը։ Թերևս հենց դա էլ հստակ վկայում է, թե ում և ինչ նպատակով է գրված այս նախագիծը»։

Տեսանյութեր

Լրահոս