Բաժիններ՝

Ընթացիկ տարում բացահայտվել է հանցավոր 15 խումբ, արգելափակվել` տելեգրամյան 30 հարթակ

Սեպտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակը։

Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Զաքարյանը նշել է, որ այս տարվա ութ ամիսներին միայն վարչության 127 բացահայտումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 92 կգ թմրանյութ, թմրամիջոց պարունակող 1157 հաբ, հոգեմետ 33 դեղահաբ, կանեփի 77 բույս և 22 մլ պրեկուրսոր։ Վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ, արգելափակել տելեգրամյան 30 հարթակ։

ՆԳ նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության աշխատանքը՝ հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ թեև մեր երկրում թմրամիջոցների զգալի մասը ներմուծվում է, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել հանրապետությունում թմրանյութի հնարավոր լաբորատորիաների գործունեության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս