«Սրա մասին ոչ ոք չի խոսում». Ինչո՞ւ է աճել ինքնասպանություների թիվը՝ ըստ Փաշինյանի

Ո՞ր դեպքում կարող ենք ունենալ օլիմպիական ոսկե մեդալ, կամ ո՞ր դեպքում ենք ունեցել օլիմպիական ոսկե մեդալներ, երբ որ օրինակ մեր երկրում ծանրամարտով զբաղվել է ոչ թե 200 երեխա, այլ 1000 երեխա, բռնցքամարտով զբաղվել է ոչ թե 150 երեխա, այլ 1500 երեխա և այլն և այդպես շարունակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք երեխաների համար ենթակառուցվածք ենք ստեղծում և նրանք հնարավորություն ունեն ժամանակի մեծ մասը չանցկացնել կամ փողոցում, կամ բակերում առանց կոնկրետ զբաղմունքի, ի վերջո այդ էներգիան է, որ դառնում է օլիմպիական որևէ մեդալ։ Այսօր կա՞ այդ էներգիան, թե չկա, իհարկե կա, բայց ինչի՞ համար է օգտագործվում դա, որտեղ է օգտագործվում, ինչ բովանդակություն է ստեղծում այդ էներգիան, սա է ամբողջ պատմությունը։

Մենք շատ ենք սիրում խոսել մեր ողբերգությունների մասին, դա մեր ամենաքննարկելի թեման է, բայց մենք չենք նկատել այն ողբերգությունը, որ մեր երեխաների աշակերտների մի ահավոր մեծ մասը դպրոցը ավարտում, ընդունվում, ավարտում է և այդպես էլ նորմալ ֆիզկուլտուրայի դահլիճ կամ նորմալ խաղադաշտ չունի։ Դա ողբերգություն չի մեզ համար, բացարձակապես ողբերգություն չի։ Դա ո՞նց է ազդել այդ երեխաների հետագա առողջության վրա, ո՞նց է ազդել հետագա կյանքի վրա, այո, ո՞նց է ազդում բանակում միջանձնային հարաբերությունների վրա, ո՞նց է ազդում ֆիզիկական վիճակի և մարտունակության վրա, ո՞նց է ազդում ինքնասպանությունների թվի վրա, որովհետև այդ ամենը մենակ մարմնական և հոգևոր, հոգեբանական պատրաստության մասին է, չէ՞, խոսքը։ Սա ողբերգություն չի, բացարձակապես, ո՞վ է խոսել ընդհանրապես սրա մասին, ոչ ոք։

1473 թվականին տեղի ունեցած մի իրադարձության մասին կարելի է տարիներով անընդհատ քննարկել, իսկ որ այսօր մեր երեխեքը, մեր երեխեքի ապագան մենք ոտի տակ տված տրորել ենք շարունակ, դա ոչ մեկի համար ողբերգություն չի։ Ընդհակառակը, զոհողություն է պետք, բայց ինչի՞ համար, որ էլի զոհողություն պետք լինի, ինքագեներացվող զոհողության անհրաժեշտություն»,–ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ Վիկ Դարչինյանի անվան դպրոց կառուցելով իրենք ուզում են վերցնել այդ անունի էներգիան և նոր աստղեր, նոր հաջողություններ արձանագրել. «Եթե ոչ հաջողություններ, առնվազն նորմալ մարզավիճակում, նորմալ առողջություն ունեցող երեխաներ գեներացնի և հարթակ ստեղծենք երեխաների համար, որ իրենք այդտեղ ժամանակ անցկացնեն, մարզեն իրենց բնավորությունը, իրենց մարմինը, իրենց կամքը և այդպես։ Այնպես էլ չի, որ մենք ոսկու հետևից ընկած ենք, վայ, ոսկու տենդ է սկսվել։ Չէ, հարցը դրա մեջ չի, ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհով գնանք, ոսկին ինքը իրան կգա, ըտեղ ոչ մի կասկած չկա», –ընդգծեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս