
Հայաստանը և Ճապոնիան վավերացնելու են եկամուտների կրկնակի հարկումը բացառելու կոնվենցիան

ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։ Այն Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
«Գիտեք, որ Կառավարության ծրագրով հարկային քաղաքականության համար ամրագրված է մի կարևոր ուղղություն՝ ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառության աշխարհագրությունը։ Սա հատկապես կարևոր է այն երկրների հետ, որոնց հետ ակնկալվում է տնտեսական կապերի ամրապնդում և ներդրումների ներգրավում։ Այս շրջանակում է, որ նախաձեռնվել և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան»,– նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նման համաձայնագրերը լուծում են երկու հիմնական խնդիր․ սահմանում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան ազգային օրենսդրությամբ է նախատեսված, ապահովում են կայուն և կանխատեսելի հարկային միջավայր երկու երկրների գործարարների համար։
Մինչ այժմ գործել է Ճապոնիայի և Խորհրդային Միության միջև կնքված համաձայնագիրը, որը, սակայն, իրավական պատճառներով չի կիրառվել Հայաստանի կողմից։ Նոր նախաձեռնությամբ վերականգնվում է նման փաստաթղթի կիրառման պրակտիկան։
ԱԳՆ ներկայացրած եզրակացության համաձայն՝ կոնվենցիան կնպաստի Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի, առևտրի և ներդրումների զարգացմանը։ Փաստաթղթի վավերացումը նաև կլրացնի 2018 թվականին ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը: