
ԱՄՆ-ի մաքսատուրքերն ազդել են ԵՄ մեքենաշինական արտադրանքի արտահանման 30%-ի վրա. Handelsblatt

ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերն ավելի ու ավելի մեծ վնաս են հասցնում մեքենաշինական ճյուղին, ներկայումս տուժում է ԵՄ մեքենաշինական արտադրանքի արտահանման մոտ 30%-ը: Այդ մասին գրում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի մեքենաշինական միությանը (VDMA):
«Մաքսատուրքերի շուրջ համաձայնագիրն արդեն կորցրել է իր արժեքը մեքենաշինության և սարքավորումների արտադրության համար: 15% ֆիքսված հարկադրույքի կանոնը փաստորեն խախտվում է պողպատի և ալյումինի արտադրանքի մաքսատուրքերով»,-մեջբերում է թերթը Գերմանիայի մեքենաշինական միության ներկայացուցիչ Օլիվեր Ռիխտբերգի խոսքը:
Միավորման գնահատականներով՝ ԵՄ-ից ԱՄՆ մեքենաների և սարքավորումների արտահանման 30%-ն արդեն ենթարկվում է նոր մաքսատուրքային կատեգորիային: Առանձնապես տուժել են այն ապրանքները, որոնք պարունակում են պողպատ և ալյումին՝ շարժիչները, պոմպերը, արդյունաբերական ռոբոտները, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկան:
Ճյուղի համար ևս մեկ վտանգ է այն, որ ԱՄՆ-ն ընդլայնում է ցուցակը յուրաքանչյուր չորս ամիսը մեկ: «Դա գործարք չէ, այլ դամոկլյան սուր մեքենաշինական հատվածի համար»,-ընդգծել է Ռիխտբերգը:
Հունիսի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի կրկնապատկման մասին՝ 25%-ից մինչև 50%։ Նա այդ քայլը հիմնավորել է ազգային անվտանգությանն սպառնացող վտանգով. նրա կարծիքով՝ հարկադրույքների բարձրացումը պետք է օգնի ամերիկյան մետալուրգիային էժան և ավելցուկային ներմուծման առաջարկի դեմ։