
ՊՊԾ-ն կկահավորի արխիվային սենյակը, ինչպես նաև՝ կունենա ամենօրյա հանդերձանքի նոր տեսակներ, այդ թվում` կեպի գլխարկ, տակտիկական տաբատ ու կոշիկ

Կառավարությունը 2025 թվականի պետական բյուջեով պետական պահպանության ծառայությանը տրամադրված միջոցներից տնտեսված 4 մլն 161 հազար դրամը կուղղի վարչական շենքում առանձնացված արխիվային սենյակի կահավորմանը․ գումարը վերաբաշխելու նախագիծն ընդգրկված էր կառավարության վերջին նիստի օրակարգում։
«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության 2025 թվականի պետական բյուջեի 1036 ծրագրի 11001 «Պետական պահպանության ծառայություններ» միջոցառմամբ և 1036 ծրագրի 31002 «ՊՊԾ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմամբ գնման արդյունքում տնտեսված համապատասխանաբար 2.075,0 հազար դրամ և 2.086,3 հազար դրամ գումարներն ուղղել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության արխիվային սենյակի կահավորմանը (ճաղավանդակներ, դարակաշարեր, նախահաշիվը կցվում է)»,- ասվում է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ։
Մեկ այլ՝ արդեն չզեկուցվող նախագծով էլ Կառավարությանն առաջարկվել է հաստատել ՊՊԾ-ի՝ զինծառայողների ամենօրյա հանդերձանքի հետևյալ նոր տեսակները՝ կեպի գլխարկ, տակտիկական տաբատ, բաճկոն, դասական կոստյում, տակտիկական կոշիկ, երկարաթև և կարճաթև վերնաշապիկներ, ինչպես նաև ամենօրյա նոր համազգեստի համար թևքանշան ու ուսադիրներ։
Նախագծում նաև նշվում է, որ գործող համազգեստի հնաոճ և ոչ համարավետ լինելու պատճառով փաստացի չօգտագործվող որոշ տեսակներ դուրս կգան միասնական համազգեստի տեսականու ցանկից:
«․․․Նկատի ունենալով, որ ՀՀ պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ երկու տարի գործում է որպես առանձին, ինքնուրույն պետական մարմին, իսկ ծառայությունն իրականացվում է մեծամասամբ դաշտային համազգեստով, ինչը որոշ դեպքերում ներկայանալի չէ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայությունն, ըստ էության, հիմնականում իրականացվում է քաղաքային կամ շենքային պայմաններում (պահպանվող օբյեկտներում), դաշտային համազգեստով նման միջավայրում ծառայություն իրականացնելը կարելի է համարել ոչ նպատակահարմար և անտրամաբանական։
Հետևաբար, համազգեստի փոփոխությունը դիտվում է ոչ միայն՝ որպես հրատապ անհրաժեշտություն, այլև՝ ուշացած քայլ։ Նոր հանդերձանքը, իր ներկայանալի տեսքով, օգտագործվող նյութերով, որակով և հարմարավետությամբ էապես տարբերվելու է նախկին համազգեստից»,- ասվում է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ նախագծի ընդունմամբ առաջացած լրացուցիչ ֆինանսական միջոցների համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հայտ չի ներկայացվի, և ծախսերը կիրականացվեն 2025 և 2026 թվականներին ՀՀ պետական բյուջեով ՀՀ պետական պահպանության ծառայությանը՝ ինչպես արդեն իսկ հատկացված, այնպես էլ՝ 2026 թվականին հատկացվելիք միջոցներով:
Հիշեցնենք՝ կառավարության դեռ 2022 թվականի նոյեմբերի 24-ի նիստին չզեկուցվող հարցով Պետական պահպանության ծառայությունն առանձնացել էր Ազգային անվտանգության ծառայությունից և դարձել Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։