Փաշինյանը կարող է այսօր դառնալ կոմպրոմիսային լուծման ջատագով, իսկ վաղը՝ ամենածայրահեղ «ոչմիթիզիկանը»․ Լևոն Զուրաբյան

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և Հայաստանի քաղաքական վերնախավը չէր ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից օժանդակվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հետևաբար, Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես հրաժարական եմ տալիս, ղեկավարեք երկիրը այն տարբերակով, որը ճիշտ եք համարում»։ Նա չէր պատրաստվում նախագահել մի քաղաքականություն, որի առաջնորդը ինքը չէր և որին ինքը չէր հավատում։ Հետևաբար, պիտի հրաժարական տար։

Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է հրաժարական տվող մարդկանց ներկայացնել որպես վախկոտ ու դասալիք, այնինչ հրաժարական տվող մարդիկ սկզբունքային մարդիկ են։

Շառլ դը Գոլը երկու անգամ հրաժարական է տվել՝ լինելով մեծագույն և ամենահամարձակ գործիչներից մեկը ֆրանսիական պատմության մեջ։ Երկու անգամ հրաժարական է տվել, երբ տեսել է, որ քաղաքական վերնախավը իր քաղաքականությունը չի ընդունում։ Ի՞նչ է, դը Գոլն է՞լ դարձավ դասալիք։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է համարձակվել նրան վախկոտ ու դասալիք անվանել:

Հի՛մարություն:

Իսկ Նիկոլ Փաշինյանի համար որևէ գաղափարախոսություն սկզբունքային չէ։ Նա կարող է այսօր հանդես գալ որպես կոմպրոմիսային լուծման ջատագով, իսկ վաղը՝ դառնալ ամենածայրահեղ «ոչմիթիզիկանը»։ Նույնիսկ մեկ ասուլիսի ընթացքում կարող է արտահայտել իրար հակասող մտքեր։ Նրա հավատը կապված չէ ոչ մի գաղափարախոսության կամ սկզբունքի հետ։ Նրա մոտեցումը հետևյալն է՝ ասել այն, ինչը տվյալ պահին առավելագույնս դուր կգա ժողովրդին կամ ժողովրդի այն հատվածին, որի վրա հենվում է իր իշխանությունը»,-գրել է Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031