
Թուրք վերլուծաբանը չի բացառում Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախաստորագրում

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նախաստորագրել համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրք վերլուծաբան Գոնյուլ Սահինը՝ անդրադառնալով Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Նա շեշտում է, որ մեկ անգամ ևս կարելի է ասել, որ Ադրբեջանը շարունակում է մնալ պահանջների շրջանակում, Հայաստանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ՝ նախքան վերջնական համաձայնագիրը ստորագրելը։
«Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ կողմերը քննարկել են տեքստի նախաստորագրման ընթացակարգը։ Այս առաջարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահն անցյալ տարի՝ վերջին երկու հոդվածների շուրջ համաձայնության գալուց առաջ։ Կողմերը կարող են նախաստորագրել տեքստը, ինչը կնշանակի, որ հոդվածներն ապագայում չեն փոփոխվի։ Սակայն սա չի նշանակում պաշտոնական վավերացում։ Սա միայն ճանապարհ է հարթում առաջնորդների համար՝ հետագայում պաշտոնապես ստորագրել համաձայնագիրը։
Այնուամենայնիվ, հանդիպումն ինքնին կարևոր էր. սրանք երկար ժամանակ անց չեզոք երկրում առաջին նման երկար բանակցություններն էին։ Դա կօգնի երկու կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց մտահոգությունները և աշխատել դրանց վրա։ Հնարավոր է՝ Արևմուտքի կողմից որոշակի ճնշում կա Ադրբեջանի և Թուրքիայի վրա, ուստի նման հանդիպումները կարևոր են՝ ցույց տալու համար, որ գործընթացը շարունակվում է։ Անկասկած, բանակցություններում քննարկվել են նաև տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր։
Չնայած դա չի նշվել համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, հնարավոր է՝ ռուսական գործոնի պատճառով, քանի որ 2021 թվականին ստեղծվել է հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողով, և ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը պաշտոնապես չեն հայտարարել այս ձևաչափից դուրս գալու մասին»,- գրել է թուրք վերլուծաբանը։