«Բաքվում վաղուց ունեն մեղադրական եզրակացություն, որն ուղղված է թե՛ պատանդներին, թե՛ ՀՀ-ին». Տաթևիկ Հայրապետյան

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների «դատավարությունը»։

Հունվարի 17-ից սկսված այս «դատավարության» ընթացքում հայ պատանդներն ու գերիները պաշտպանվելու որևէ միջոց չունեն, նրանց մեղսագրվող ծանր հանցագործությունների շարանն ադրբեջանականը կողմը շարունակում է ավելացնել։

Այս ամենին զուգահեռ, ՀՀ-ում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված է Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի կուսակրոնության հարցերը լուծելով, Նիկոլ Փաշինյանը խոստանում է առաջնորդել Վեհարանն «ազատագրելու» գործընթացը, ընդդիմադիր գործիչների տներում են խուզարկություններ իրականացնում, հետո նրանց կալանավորում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը, ով ամենօրյա ռեժիմով հետևում է Բաքվում ընթացող շինծու դատավարական գործընթացին, տպավորություն է ստացել, որ Բաքվում գործընթացը ձգձգում են։ Նաև արդեն 2-3 օր է՝ ինչ-որ «վկաներ» են ներկայանում նիստերին, «վկայություններ» տալիս հայ գերիների ու պատադների դեմ։

Կարդացեք նաև

«Իրականում Բաքվում վաղուց ունեն մեղադրական եզրակացություն, որն ուղղված է թե պատանդներին, թե ՀՀ-ին։ Ուղղակի այդ շինծու դատական նիստերը շարունակում են ներքին որոշակի սպառման համար։

Հետաքրքրական է, որ վերջերս Ալիևն իր ելույթներից մեկում Հայաստանը կրկին անվանեց «հանցավոր» պետություն և ընդհանուր առմամբ Ադրբեջանի պահանջներից մեկն այն է եղել, որ հետ քաշվեն միջազգային դատական հայցերը։ Շարունակում եմ պնդել՝ եթե Ադրբեջանն իրականում որևէ գործ ունենար, այսինքն՝ միջազգային այդ դատական հայցերով կարողանար որևէ խնդիր լուծել, կարողանար ապացուցել, որ Հայաստանն իսկապես ագրեսոր երկիր է, և այն մեղադրանքները, որոնք հնչեցնում է՝ ունեն փաստական հիմք, ապա Ադրբեջանն առաջինը շահագրգված կլիներ, որ միջազգային այդ գործընթացները շարունակվեին։ Սակայն Ադրբեջանը չունի որևէ ապացուցողական բազա և գործընթացն ուղղակի տանում է Բաքվում պահվող մեր գերիների հետ և տանում է իրենց ներքին ընթացակարգերով»,- 168.am հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Այս համատեքստում փորձագետը նաև հիշեցրեց, որ հատկապես Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանները մշտապես շեշտում են, որ կա քրիստոնեության գործոնը։

Օրինակ, Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տալիս Աստվածաշունչը վերցնել իր ձեռքը։ Այս տեսանկյունից նա ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանում քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովը, որը մեղադրվում է իբրև հայերի հետ լրտեսական կապեր ունենալու մեջ, իր հարցազրույցում ասել էր, որ ամենաշատը ծեծվել է այն ժամանակ, երբ Աստվածաշունչ է խնդրել. նա քրիստոնեություն է ընդունել։

«Այն, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը փաստել էր, որ այս խնդիրը կա, այս տղան ևս բախվել էր այդ խնդրին, այսինքն՝ երբ խնդրել էր Աստվածաշունչ, ենթարկվել էր ծեծի։ Ընդհանուր առմամբ սա է իրավիճակը, և նույնիսկ ներքին տիրույթում հիմնական թիրախը շարունակում է մնալ Ռուբեն Վարդանյանը, որովհետև նրա վարած քաղաքականությունը մի փոքր այլ է։

Ադրբեջանի նպատակը հստակ է, այս ամենը երկարաժամկետ առումով պետք է ուղղվի Հայաստանի դեմ»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ ՀՀ-ում իրշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավը ձեռնտու էր Բաքվին նաև հայ գերիների, պատանդների հարցի տեսանկյունից։

«Մենք խոսեցինք քրիստոնեության գործոնի մասին՝ գերիների խնդրի հետ կապված, և մեր երկրում սկսված այս արշավը լրացուցիչ դիվիդենտներ է տալիս Բաքվին, նույն այդ թեմայով խոսող միջազգային գործընկերներին լռեցնելու համար։ Այս խնդիրը ես այստեղ տեսնում եմ, այս ամբողջն ուղղակի գործիքակազմ է դառնում Բաքվի ձեռքին այդ միտքը լռեցնելու համար»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Նշենք նաև, որ անցած տարի սեպտեմբերին ապօրինաբար ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու գործող պաշտոնյաներին՝ Արցախի 3 նախագահաներին՝ Արկադի Ղուկասյանին, Բոկա Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ։

Տեսանյութեր

Լրահոս