
«Այս քայլերը տանելու են պայթյունի. հանդիպումները միայն զիջելու մասին են, այլ ոչ թե գերիների կամ մեր խնդիրների». Մարտին Եսայան

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։
Ինչպես Նիկոլ Փաշինյանի նախորդ, այնպես էլ այս հանդիպումից ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը որևէ ակնկալիք չունի՝ հաշվի առնելով նրա կողմից վարվող քաղաքականությունը, որի արդյունքում, ըստ ազատամարտիկի՝ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանն էլ թշնամու կողմից դարձավ խոցելի։
Մեր զրուցակիցը նաև ակնկալիք չունի, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կարող է բարձրացնել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների հարցը։
«Հարկ չկա հիշեցնելու Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Թուրքիա, հիմա Ալիևի հետ հանդիպումը դրա ուղիղ շարունակությունն է։ Այս հանդիպումները միայն զիջելու ու տալու մասին են, այլ ոչ թե գերիների կամ մեր օրակարգում եղած խնդիրների մասին։ Չգիտեմ ով, բայց սրանց այս քայլերը տանելու են պայթյունի, այն առումով, որ այսքան դժվարություններից հետո, այս մարդիկ որևէ բանի առջև կանգ չեն առնում։ Աբու Դաբիում այս հանդիպմանը, վստահ եմ՝ հերթական անգամ ֆիքսելու են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է մնա անցյալում, Արցախի խնդիրն ու արցախահայերի վերադարձի հարցը մոռացվի, ՀՀ Սահմանադրությունը փոխվի և այլն։ Ադրբեջանի համար վերջակետ չկա, նրա համար վերջակետը Հայաստանի ու հայության ոչնչացումն է, այս գրոհը կշարունակվի Ադրբեջանի կողմից, մինչև չհասնի Սյունիք և չունենա «միջանցք», իսկ դրանից հետո ՀՀ անվտանգությունը որևէ կերպ այլևս հնարավոր չի լինելու ապահովել։
Եթե այս իշխանությունը գերիների հարցին անդրադառնար, այսօր այդ գերիներն իրենց տանը կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։
Ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանն Արցախն օկուպացնելուց հետո «աքլորացել» է, ասում է՝ թե աշխարհի տիրականն է, հետևաբար՝ նա որևէ բանի առջև կանգ չի առնելու, իր պահանջները մինչև վերջ առաջ է մղելու, իսկ Հայաստանի ղեկավարությունն դիմադրություն ցույց տալու համար պետք է կամք ունենա, որը օրվա իշխանությունների մոտ բացակայում է։
«Մեր պետությունը, մեր ժողովուրդը որբ է, եթե այս երկիրը ղեկավար ունենար՝ այս օրին չէր լինի։ Դուք հասկանո՞ւմ եմ, ՀՀ օրվա ղեկավարը կալանավորում է մի մարդու, ով ամբողջ կյանքում իր երկիրն է շենացրել, Արցախին է օգնել, Ստեփանակերտում կառուցել է գերհագեցած հիվանդանոց։ Հիմա այսքանից հետո ի՞նչ մտածես նման ղեկավարի մասին։ Թշնամին՝ դրսից, սրանք ներսից կանգ չեն առնելու՝ Հայաստանը կործանելու համար»,- հավելեց Մարտին Եսայանը։
Շարունակելով միտքը, Մարտին Եսայանը նկատեց՝ աշխարհում ամեն րոպե տեղի ունեցող փոփոխությունների ու զարգացումների ֆոնին՝ Հայաստանը պետք է ունենար ուժեղ ղեկավար, որպեսզի կարողանար իր երկրի վիճակը կայուն պահել։
«Հարավային Կովկասում իրավիճակը լարված է, շարունակվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, այս ֆոնին նաև վստահ եմ, որ և՛ Ռուսաստանը և՛ Իրանը փոշմանել են Արցախի հարցում իրենց նախկին դիրքավորման ու դիրքորոշման համար։ Բայց որպեսի հիմա իրավիճակը փոխվի, պետք է ՀՀ-ում լինեն լավ դիվանագետներ, ի վերջո՝ այս վիճակին պետք է վերջ տրվի և իշխանությունները կանգ առնեն։
Տեսեք, այսօր բոլոր ընդդիմախոսներին կալանավորում են, եթե այդպես լինի, ապա այս ամբողջ ազգին պետք է կալանավորեն ու լցնեն բանտերը։
Այս ամենը տեսնելով, նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող այդ խայտառակությունը, ինչպե՞ս կարելի է կանգնել այս իշխանության կողքին, ինչպե՞ս։ Ինձ համար իրավիճակը խիստ մտահոգիչ է, ինքս չեմ ցանկանում Արցախի սցենարն այստեղ էլ կրկնվի ու մենք հայրենիքի այս հատվածն էլ կորցնենք։ Նիկոլ Փաշինյանը գնում է դուրս ու այդ հանդիպումներին ներկայանում՝ որպես ժողովրդավար, իսկ Հայաստան գալուց հետո, մուրճը ձեռքն է վերցնում ու սկսում բոլորին հարվածել»,- ընդգծեց Մարտին Եսայանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի հետ հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք նաև, Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։