
«Նույն գրքում Ձեր, Ձեր պահվածքի ու հնչեցրած մեղադրանքների մասին էլ շատ բաներ կան գրված, որոնք դեռ ի գործ չեն դրվել». Տեր Ներսես Ռուշանյանը՝ Փաշինյանին

Տեր Ներսես Ռուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱՄՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ կամ նամակ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ.
Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե…
Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա «թեւավոր խոսք» դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ պատասխաններ կտամ եւ կհիմնավորեմ) ինչպես հոխորտում եք Դուք եւ Ձեր թիմակիցները։
Այն, որ «Կանոնագիրք Հայոց»-ը վերցրել ու մեջբերումներ եք կատարում ու մեղադրանքներ հնչեցնում, այդ նույն գրքում Ձեր, Ձեր պահվածքի ու հնչեցրած մեղադրանքների մասին էլ շատ բաներ կան գրված, որոնք դեռ ի գործ չեն դրվել։
Սակայն թողնենք «Կանոնագիրք Հայոց»-ը. դրանով թերեւս Ձեզ կպատասխանեն ավելի բարձրաստիճան հոգեւորականները, երբ հարկ լինի։
Ես մի պարզ գյուղական քահանա եմ, եւ իմ դիրքից կխոսեմ։ Ուզում եմ Ձեզ եւ մեր ժողովրդին հիշեցնել աստվածաշնչյան մի պատմություն։
Սուրբ Գիրքն ասում է, որ երբ ջրհեղեղն ավարտվեց, եւ Նոյն ու իր ընտանիքը Տապանից դուրս ելան, Նոյը այգի տնկեց ու խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ։ Նոյի զավակներից Քամը տեսավ իր հոր մերկությունը եւ ծիծաղելով պատմեց իր եղայրներին` Սեմին ու Հաբեթին։
Սեմն ու Հաբեթը հագուստներ առան իրենց ուսերին, եւ ետ-ետ գնալով, որպեսզի չտեսնեն իրենց հոր մերկությունը, ծածկեին իրենց հորը։
Երբ Նոյն արթնացավ ու իմացավ եղելությունը, անիծեց Քամին` լինի ու մնա իր եղբայրների համար որպես ստրուկ` սերնդեսերունդ։
Պարոն Փաշինյան, դուք Ձեզ համարում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ ու զավակ։ Չեմ վիճարկում։ Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի, բայց քանի որ ասում եք, որ զավակն եք այդ Եկեղեցու, եւ այս վարքագիծն ու բառապշարն եք որդեգրել, որը բնավ հարիր չէ որեւէ բանական էակի, էլ չասեմ երկրի ղեկավարի, ուրեմն Ձեր մեղքն ավելի մեծ է, որովհետև այդ Եկեղեցու գլուխը Վեհափառ Հայրապետն է, մենք էլ` նրա զավակները։
Դուք եւ այս հարցում Ձեր համախոհները զավակի պես չեք պահում ձեզ։ Ավելին` խիստ թշնամական։
Ես երբեք չեմ պատկերացնում, որ իմ զավակներից մեկը ինձ մի օր այդպիսի հարց կտա թե, օրինակ ես իմ ամուսնական ուխտը խախտել եմ, թե ոչ։ Նման հարցի դեպքում իմ որդին խիստ կհանդիմանվի, իսկ հանրայնացման դեպքում (եթե եղած լիներ) Քամի բախտին կարժանանա եւ, որպես Անառակ որդի, կվտարվի հայրական ժառանգությունից, մինչև որ ապաշխարությամբ չվերադառնա։
Պարոն Փաշինյան, սիրելի ժողովուրդ, Նոյի Տապանը Եկեղեցու նախատիպն է, մենք էլ` դրանով փրվածներս ու փրկվողներս։ Այո, անգամ Նոյը հարբեց ու մերկացավ, բայց դրա հանրայնացումը Քամին արժանացրեց նզովքի եւ տարավ ստրկության` սերնդեսերունդ։
Եթե այսօր Նոյի, Վեհափառ Հայրապետի նզովքն ուշանում է, դա միայն Վեհի երկայնամտությունն է, որ ազգովի չտարվենք մի նոր ստրկության։
Պարոն Փաշինյան, Ձեր վարքով, Եկեղեցու դեմ սանձազերծած այս պատերազմով, հավատացեք, մեզ տանում եք մի նոր նզովքի եւ ստրկության։
Մի արեք դա։
Իսկ ես մնամ խոնարհ աղոթարար հայ ազգիս համար`
Ներսես քահանա Ռուշանյան»։