Ալիևը Նիկոլ Փաշինյանին քաղաքական «տնային աշխատանք» է տվել. այն առնչվում է նաև նրա թիմին

Հունիսի 24-ին ՀՀ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմության «հեղաշրջման» պլանը: Իսկ արդեն հունիսի 25-ի առավոտյան իրավապահները գործողություններ սկսեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում, շարժման աջակիցների, ինչպես նաև՝ ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում և տներում, ինչՆ իր «իրավական» շարունակությունն ունեցավ և դեռ կունենա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախ հաղորդագրություն տարածեց, որ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Հետո արդեն Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը շատ չանցած հրապարակեց «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների «ձայնագրությունները», որոնց հետ կապված դեռ հարցեր կան, իսկ դրանից հետո էլ Քննչական կոմիտեն հանրայնացրեց «հանցավոր խմբի» ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերված առարկաներ և իրեր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո խոսել է ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի» բացառման մասին, ինչպիսին Ալիևը համարում է ՀՀ նախկին նախագահներին և նրանց գաղափարակիցներին, Հայ Առաքելական Եկեղեցին, որոշ զինվորականների, դեռ մի կողմ ենք դնում Հայաստանի՝ ուժեղ զինված ուժեր ունենալու «վտանգը» Ադրբեջանի համար:

Կարդացեք նաև

Եվ մի առիթով Բաքվի բռնապետը նույնիսկ հստակ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ կամ նա խաղաղության օրակարգին վնասող «ռևանշիստական ուժերի» հարցերը կլուծի, կամ՝ դա կանի ինքը:

Ու, բնականաբար, այն, ինչ առավոտից տեղի է ունենում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ, պետք է ոգևորությամբ ընդունվեր Ադրբեջանում:

Ադրբեջանական քարոզչամեքենան չի էլ թաքցրել, որ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների ենթարկվողներին Ադրբեջանը և Թուրքիան համարում են իրենց թշնամիները ևս:

«Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմնակիցների և դաշնակցական ընդդիմության վրա ճնշումները, որոնք հանդես են գալիս խաղաղության օրակարգի դեմ և դեռ նոստալգիկ տրամադրություններ ունեն «ադրբեջանական տարածքների» նկատմամբ (չակերտները՝ Մ.Պ.), Բաքվի կողմից ընկալվում են դրական և ռացիոնալ տեղաշարժ Երևանի քաղաքական ճարտարապետությունում»,- գրել է minval.azը և հավելել, որ «ռևանշիստների» հարցերը լուծելուց հետո, Փաշինյանը պետք է կատարի մեկ այլ քաղաքական «տնային աշխատանք»:

«Դադարեցնել երկակի խաղը Բաքվի և Անկարայի հետ, զբաղվել երկրի ներսում ռևանշիստական նարատիվների դեկոնստրուկցիայով: Ցավոք, նման դրսևորումներ կան Փաշինյանի քաղաքական թիմում»,- շարունակում է Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցը:

Ադրբեջանական caliber.azն էլ հավելել է, որ ներկա պահին օրակարգային հրատապ հարցը մեկն է՝ «արդյո՞ք կձերբակալվեն և քրեական պատասխանատվության կենթարկվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն»:

Լրատվամիջոցն այս համատեքստում նշել է, թե ահաբեկչությունները և հեղաշրջման փորձերը ՀՀ-ում նորություն չեն, և հիշեցրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, 2016 թվականի հուլիսի «Սասնա ծռերի» հարձակումը ՊՊԾ գնդի վրա և 2021 թվականի փետրվարին ՀՀ զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իհարկե, այս դեպքերը մի հարթության վրա դնելը ծիծաղելի է, երբ Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ ԳՇ-ն ընդամենն «անմեղ» հայտարարություն էր արել, և դրան ոչինչ չէր հետևել, նպատակ էլ չկար:

Ստացվում է՝ Ալիևը Հայաստանին ոչ միայն «ռազմական հանցագործ» է ներկայացնում (ոչ միայն Բաքվի «դատավարության» շրջանակում, այլ նաև միջազգային տարբեր հանդիպումներում, վերջին թարմ օրինակը երեկ էր, երբ բացվում էր Մինգեչաուրի էլեկտրակայանը), այլ նաև մի երկիր, որտեղ «ահաբեկչությունների և ռազմական հեղաշրջումների» վտանգ կա:

Եվ սա այն դեպքում, երբ Թուրքիայի հետ կապված նման ցայտուն օրինակներ կան, Ադրբեջանում էլ պարբերաբար ահաբեկիչներ են բռնում:

Տեսանյութեր

Լրահոս