
Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին, Թրամփը կոչ է արել պահպանել հրադադարը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ շուրջ երկու տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են հինգ ալիքով, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ:
Գործակալությունը նշում է, որ հրադադարն ուժի մեջ պետք է մտներ ժամը 11-ին:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ գործողություններ է իրականացնում սպառնալիքները վերացնելու ուղղությամբ:
Ըստ ԻՊԲ-ի՝ ոչնչացվել են հրթիռների արձակման կայանքներ, որոնք պատրաստվում էին հարվածներ հասցնել Իսրայելին: The Times of Israel-ն էլ նշում է, որ իրանական հարվածներից Բիրշեբա քաղաքում զոհերի թիվը հասել է առնվազն 4-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել չխախտել հրադադարը:
«Հրադադարն այժմ ուժի մեջ է մտել: Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է նա Truth Social սոցիալական հարթակում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրները դիմել են իրեն խաղաղության հաստատման համար, և շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտնել էր, որ հրադադարի համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի կողմից հարվածների դադարեցման դեպքում: