
Մենք տեսել ենք, որ Փաշինյանի զրոյական կետերն ավարտվում են մեզ համար ողբերգությամբ. Ռուբեն Մելքոնյան
«Զվարթնոց» տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ օրվա խորհուրդը կարևոր է, և որ հայ ժողովրդի համար տագնապալից իրավիճակներում, երբ թիրախ է դառնում պետությունը և եկեղեցին, ժողովուրդը բնազդով կամ բնական ինքնապաշտպանական մղումով միշտ համախբվում է Մայր Աթոռի և Վեհափառի շուրջ, ինչի դրսևորումն է նաև այսօր ուխտերթի բազմամարդությունը և Մայր Աթոռում մարդկանց հոծ ներկայությունը:
«Հավաքական ժողովրդի, ազգի անհանգստության դրսևորումն է, քանի որ թիրախավորվում են մեր պետությունը, Ս. Եկեղեցին և մեր ինքնության կարևոր տարրերը, ուստի, կարծում եմ, որ մեր ներկայությունն այստեղ ոչ միայն հոգևոր, այլև քաղաքացիական նշանակություն ունի»,- ասաց թուրքագետը՝ Փաշինյանի դեպքում օրինաչափ համարելով Ադրբեջանին Կուրբան Բայրամ շնորհավորելու հանգամանքը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, պրագմատիզմի քողի ներքո ազգային ինքնասիրությունից և կարմիր գծերից նահանջելը չի կարող որևէ արդարացում ունենալ:
«Հայրենասիրությունն ու պրագմատիզմն իրար հակադիր չեն, այլ ընդհակառակը շատ համահունչ են: Որևէ մեկը չի ասում ստեղծված իրողությունները հաշվի չառնել և ծովից ծով Հայաստան հենց հիմա կամ վաղը պահանջել: Բայց որևէ օտար պետություն, հատկապես Արևելքում, չի կարող հարգել մի պետության, մի ազգի, որը շատ արագ նահանջում է իր համար կարևոր սրբություններից և պետական, ազգային կարևոր ինքնութենաստեղծ գծերից: Այնպես որ, այդ կեղծ պրագմատիզմի քարոզը, կարծում եմ, հերթական պոպուլիստական ոճն է այս իշխանությունների, որով փորձում են քողարկել այն, ինչը կոչվում է թուրքական նախապայմանների սիրահոժար կատարում»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունները զրոյական կետից սկսելուն, Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ ինքը Թուրքիան չի կարող սկսել այդ հարաբերությունները զրոյական կետից, քանի որ թուրքական նախապայմանների հիմքը դրվել է 1990-ականներին և Էրդողանը շարունակում է այն, ինչ դրված է եղել այդ ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում