
Մեզ ձե՞ռք է տալիս, որ Թուրքիան լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ. Մամիջանյան
Զվարթնոց տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Երթին մասնակից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու թիրախավորմանը, այն դիտարկել է նաև Փաշինյանի՝ ստամբուլյան օրակարգի համատեքստում:
«Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել: Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինն իրենց պատմական տարածքն է, և այլն, ու դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, վերաբերում է բոլորին, որովհետև Փաշինյանը դուրս է եկել Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պետականության և մեր բոլոր ազգային արժեքների դեմ:
«Ես գիտեմ, որ ինչպես պարոն Կարապետյանն (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է՚։- Մ.Պ.) էր ասել, մի փոքր խմբակ են, մարգինալների խմբակ: Մենք պետք է ապացուցենք, որ այդ խմբակը չի կարող մոռացության մատնել մեր բոլոր ազգային արժեքները: Չկա մի մարդ, ում պայքարը չի սա այլևս, կարծում եմ, դա կունենա իր հետևանքները»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին և այնտեղ տեղի ունեցած հնարավոր պայմանավորվածություններին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց՝ արդեն իրականություն է և տեսանելի, որ Փաշինյանը Թուրքիային դարձնում է միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում:
«Այս պահին տվյալներ չկան, թե ինչ է կոնկրետ քննարկվել, բայց ակնհայտ է, որ եթե նախորդ օրը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Ալիևի հանդիպումը, իսկ հաջորդ օրը Փաշինյանի և Թուրքիայի նախագահի, ապա Թուրքիան արդեն իսկ ստանձնել է միջնորդական առաքելություն: Մեզ ձե՞ռք է տալիս, որ Թուրքիան լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման միջնորդ: Այդ փաստի հետ ինչ-որ մեկը հա՞շտ է: Ես հաշտ չեմ, իսկ այլընտրանքներ կան, դրանցից մեկը գործող ԵԱՀԿ ՄԽ-ն է՝ որպես միջազգային իրավունքի կողմից ճանաչված միջազգային և վերպետական միավոր»,- մանրամասնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում