
«Սամվել Կարապետյանին կալանավորել են մեկ նախադասության համար». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նախ հայերին կոչ արեց հարգանքով ընդունել բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին՝ իրանցիներին, որոնք պատերազմի հետևանքով գալիս են Հայաստան։
«Մտահոգիչ եմ համարում ոչ միայն բուն կոնֆլիկտը և այն բազմաշերտ հարվածները, որոնք տեղում են, նաև այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են Իրանի հոգևոր առաջնորդին թիրախավորելու տեսանկյունից։ Սա անթույլատրելի եմ համարում, և սա կարող է տարածաշրջանում նոր ու անվերահսկելի իրադարձությունների բերել»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև վերջին 2 օրերին Բաղրամյան պողոտան փակած՝ անհետ կորած անձանց ծնողների ակցիային։
«Մտահոգությունները բազմաթիվ են, այս օրերին ինքս առիթ ունեցել եմ նրանց հետ հանդիպելու և քննարկում ունենալու։ Մարդիկ շատ պարզ հարցադրումներ ունեն, մինչև այս պահը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հեռացնելը, խնդիրը քննարկվել է նրա հետ։ Հիմա այս մարդիկ ունեն ընդամենը մեկ հարց՝ ո՞վ է ստանձնելու այդ գործընթացի շարունակականությունը։ Այսինքն՝ հումանիտար խնդիրների կարգավորման տեսանկյունից, և ով է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ Ցավոք, այս մարդկանց պարզ հարցերին 2-3 օր է՝ պատասխան չի տրվում։ Ծնողները պնդում են, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը մինչև այս պահն իրենց հորդորը չի կատարել և չի գնացել իրենց հետ զրուցելու ու պարզաբանումներ տալու համար»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նաև առանձնացրեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները և իշխանության կողմից եկեղեցու դեմ հարձակման ճակատն ընդլայնելը, որը մի քանի օր առաջ դրսևորվեց Սամվել Կարապետյանի նկատմամբ հարձակումներով՝ քարոզչական, քաղաքական մակարդակում, որի հետևանքը փաստացի նրա կալանավորումն էր։
«Սամվել Կարապետյանին կալանավորել են մեկ նախադասության համար, որն իրավական տեսանկյունից, բնականաբար, որևէ վտանգավորություն չի ներկայացնում ոչ միայն ՀՀ-ի համար, այլև օրենսդրական առումով չուներ որևէ խոցելիություն։ Իշխանությունը եկեղեցու նկատմամբ իր թշնամանքն արտահայտում է բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել Մայր Աթոռին, հոգևորականներին ու առհասարակ հայկական պատմության բոլոր այն դրվագներին, որոնք այս դարերի ընթացքում ուղեկցում են մեզ»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում