Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջան է նախատեսված՝ Բելառուսի պետության ղեկավարի և արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան), բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա ձևաչափով՝ տեսակապով», – հաղորդում է Belta գործակալությունը՝ հղում անելով Ռիժենկովի խոսքերին։

Ինչպես նշել է նախարարը, լիագումար նիստի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց տեսլականը տարածաշրջանի զարգացման, ԵԱՏՄ-ում և գլոբալ համատեքստում առևտրա-տնտեսական, ֆինանսական կապերի, աշխարհի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է դիտորդ երկրներին, ապա, Բելառուսի արտգործնախարարի խոսքով, հունիսի 26-ին կայանալիք ֆորումի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։

«Մենք դեռ հույս ունենք, որ պաշտոնական այցով կլինի նաև Իրանի նախագահը: Թեև հասկանում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ցանկանում ենք շուտափույթ կարգավորում, խաղաղության հաստատում այս հողի վրա: Բայց առայժմ այս պատվիրակության այցը պլաններում կա», – ասել է Ռիժենկովը։
Ֆորումին ժամանել նախատեսում են նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Նիկարագուայի և Մյանմայի պատվիրակությունները: Վերջինը ներկայացված կլինեն վարչապետ Մին Աուն Խլայնի մակարդակով։

Համաժողովի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

«Նեղ և ընդլայնված ձևաչափով պետությունների ղեկավարները կքննարկեն ընթացիկ օրակարգը, կարևոր որոշումներ կկայացնեն միության զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կստորագրվեն առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի, ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև։ Դրանք ավելի լայն հնարավորություններ կընձեռեն ԵԱՏՄ անդամների և այդ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններ կառուցելու համար», – նշել է Ռիժենկովը։

Տեսանյութեր

Լրահոս