
Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների հետևանքով գիշերվա ընթացքում վիրավորվել է 17 ոստիկան

Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հերթական գիշերվա ընթացքում ձերբակալվել է հինգ մարդ, ևս 17 ոստիկան վիրավորվել է. նրանց ընդհանուր թիվը հասնել է 32-ի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցուցարարները ոստիկանության վրա են նետել բենզինով, դյուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ։ Ոստիկանները մահակներ և ջրցան մեքենաներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
Անկարգությունների ժամանակ մեքենաներ են այրվել, կոտրվել են մի քանի տների և առևտրային գրասենյակների դռներ ու պատուհաններ։ Անկարգությունները սկսվել են հունիսի 9-ին Անտրիմ կոմսության քաղաքում սեռական ոտնձգության դեմ խաղաղ բողոքի ցույցից հետո։
Առաջին բողոքի ցույցը կազմակերպվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկու ռումինացի դեռահաս տղաներ ներկայացել են Քոլրեյնի մագիստրոսական դատարան։
Նրանց փաստաբանը հայտարարել է, որ նրանք կհերքեն մեղադրանքները։Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում անչափահաս աղջկա բռնաբարությունից հետո միգրացիոն քաղաքականության դեմ անկարգություններ են սկսվել։ Հունիսի 9-ի երեկոյան մոտ 3000 մարդ դուրս է եկել քաղաքի փողոցներ։ Բռնաբարության ենթադրյալ վայրի մոտ տեղի ունեցած ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների։
Աղջկա ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել Բալիմենա քաղաքում հունիսի 7-ի երեկոյան։ Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է 14 տարեկան երկու դեռահաս։