Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար

Հունիսի 1-10-ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց-ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հիշեցնենք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։

Նրանք պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Խոջոյանը նշեց, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն՝ դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։

Նշենք, որ երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտենհայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ-վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։

Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Տեսանյութեր

Լրահոս