
Ողբերգականն այն է, որ թշնամին Սիսիանի գլխին նստած է, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ եկել ասում է՝ եկեք կրթվենք. Սիսիանի բնակիչ

Անցնող շաբաթ և կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գնացել էին Սյունիքի մարզ՝ Գորիսում ու Սիսիանում մարդկանց «կրթելու» համար։
Այս արշավին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «իրական Հայաստանի» կոնցեպտը, իսկ Աննա Հակոբյանը փորձում է մարդկանց բացատրել, թե ինչպես անեն, որ, օրինակ, չմնան «5-րդ դարի մտածողության կաղապարներում»։
168.am-ի Սիսիանի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հանդիպմանը մասնակիցներին ընտրելիս մի լավ ծանր ու թեթև են արել, օրինակ, այդ հանդիպմանը չեն եղել այնպիսի մարդիկ, որոնք բացահայտ քննադատել են իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը։ Փոխարենը՝ հանդիպմանը հրահանգել են մասնակցել համայնքային աշխատողներին, որոնք իրենց աշխատանքով կաշկանդված կլինեն Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին «անհարմար» հարցեր տալ, օրինակ, ինչպե՞ս եղավ, որ թշմամին հայտնվեց Սև լճում, ե՞րբ է այնտեղից հեռանալու, դեռ ի՞նչ է սպասվում Սյունիքին ու ողջ Հայաստանին, և այլն։
«Նայեք Փաշինյանի ու իր կնոջ հրապարակած տեսանյութերին, նկարներին, Սիսիանը այդքան էլ մեծ քաղաք չէ, բոլորն իրար ճանաչում են, այդ տեսանյութում բոլորը համայնքապետարանի, մանկապարտեզների, դպրոցների աշխատողներ են, վարչական ղեկավարներ, համայնքապետեր։ Այսինքն՝ համայնքային աշխատակիցներին են տարել կրթելու»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը մասնակցած իր ծանոթները շատ զգուշավոր են որևէ տեղեկատվություն փոխանցելու հարցում՝ մտածելով, որ դա կարող է վնասել իրենց։
«Մեզ հետաքրքրող միակ հարցը վերաբերում է մեր անվտանգությանը, թող այդ հարցը լուծեն, իսկ մարդկանց կրթելը թողնեն պատկան մարմիններին»,- նշեց մեր զրուցակիցը։
Սիսիանի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ իշխանությունները ժողովրդին դրել են «անհասկացող զանգվածի տեղ», որ ինչպես թեքեն, այնպես թեքվելու են։
«Բայց սա երկար չի տևելու, հավանաբար Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գիտեն, որ շուտով գործազուրկ են դառնալու, իրենց համար նոր մասնագիտություն են փորձում ձեռք բերել։
Ողբերգականն այն է, որ թշնամին Սիսիանի գլխին նստած է, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ եկել, ասում է՝ եկեք կրթվենք։ Հավանաբար թշնամին որ հարձակվի, մեզ կասեն՝ մի կրակեք, դուք հո անկի՞րթ չեք, որ կրակելուն կրակելով եք պատասխանում»,- նշեց մեր զրուցակիցը։