
Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. Արարատ Միրզոյան

Հայ գերիների հարցն այն եզակիներից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Գերիների հարցերը Ադրբեջանի հետ մեր մեծ օրակարգի ցավոտ մասերն են»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` գերիների հարցում վերջին նշանակալի առաջընթացը եղել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի շուրջ պայմանավորվածությունների ֆոնին, երբ 32 հայ գերիներ վերադարձան հայրենիք։
Դրանից հետո բանակցություններ եղել են, բայց հաջողությամբ չեն պսակվել։
Եվ հիմա, ըստ նախարարի, դրական նորություններ չկան հաղորդելու, սակայն հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել իրավիճակը։
«Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի հասնել վերջնական, ստորագրված խաղաղության, առաջխաղացում ունենալ սահմանազատման գործընթացում, ապաշրջափակել հաղորդակցությունները, և ընդհանուր առմամբ իրական կարգավորում լինի, ապա վստահ ենք, որ այդ ժամանակ ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի այս հարցերը լուծելու համար», – ասաց Միրզոյանը։