
ՌԴ-ի հուշագիրը Կիևին առաջարկում է ընտրություններ անցկացնել, ապա ստորագրել խաղաղության պայմանագիր

Ուկրաինայի հետ զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը Կիևին առաջարկում է նախևառաջ ընտրություններ անցկացնել, ապա ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ հուշագրի երրորդ հատվածում թվարկված է քայլերի հաջորդականություն և դրանց իրականացման ժամկետները՝ «ընտրությունների անցկացում, Ուկրաինայի տարածքում կառավարման մարմինների ձևավորում», որին հաջորդում է «պայմանագրի ստորագրումը»։
Փաստաթուղթը նաև առաջարկում է Ղրիմի, Դոնբասի և ռուսական բանակի կողմից օկուպացված այլ շրջանների (տեքստում դրանք անվանվել են «Նովոռոսիա») միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։ Մոսկվան ցանկանում է նաև, որպեսզի Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ տարածքներից հրադադարին հաջորդող 30 օրվա ընթացքում:
Ռուսաստանը նաև ակնկալում է, որ Ուկրաինան չի միանա ռազմական դաշինքներին և կոալիցիաներին, կդադարեցնի զորահավաքը և կսկսի զորացրումը, «փոխադարձ համաներում «քաղբանտարկյալների» և քաղաքացիական անձանց համար», ինչպես նաև կդադարեցվի Կիևին տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնությունը։