
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները հավանություն են տվել ռազմական համագործակցության ծրագրին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել 2026-2030թթ.ռազմական համագործակցության ծրագրին: Այս որոշումն ընդունվել է Բիշքեկում միավորման պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այս մասին հայտնել են Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի գործունեությունը, որոնք պետք է հաջողությամբ դիմակայեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության արդի մարտահրավերներին և սպառնալիքներին, միավորման զորքերի մարտական պատրաստության և վարժանքների կատարելագործմանը:
«Խորհրդի հերթական նիստի արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր տեսակետների և սկզբունքային մոտեցումների միասնությունը կազմակերպության Հավաքական անվտանգության ամրապնդման, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հետագա կատարելագործման և զարգացման, կառավարման համակարգերի կատարելագործման, Հավաքական անվտանգության ուժերի մարմինների և միջոցների համատեղ պատրաստման հարցերում»,-նշել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովը:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
Նշենք, որ Հայաստանը Բիշքեկում անցկացված նիստին չի մասնակցել։ Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին։