Ինձ համար դա շոկ էր. այդ ժամանակ հասկացա՝ իշխանությունն անցնում է Նիկոլ Փաշինյանին. Սամվել Ֆարմանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեման 2018թ. ապրիլ-մայիսի իրադարձություններն էին:

«2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ ամբողջ ժողովուրդը փողոցներում էր, հաջորդ օրն էլ ապրիլի 24-ն էր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ոչ ոք չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սրացումների։ Չափազանց բարդ իրավիճակ էր։ Ամբողջությամբ չի արտահայտում իրավիճակն այն մեղադրանքը, թե Կարեն Կարապետյանն ամեն գնով պետք է պահեր իշխանությունը։ Դա այն ժամանակն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- այդ օրերի դեպքերը հիշեցրեց նախագահի նախկին մամուլի քարտուղարը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այդ օրերին ՀՀ նախագահի կեցավայրում տեղի են ունեցել քննարկումներ, և որոշում է կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել Կարեն Կարապետյանին։

«Սերժ Սարգսյանը բոլորին կոչ արեց՝ պետք է համախմբվել Կարեն Կարապետյանի շուրջ, որքան էլ փողոցում կար հանրային ճնշում։ Թվում է՝ սա մի եղանակ էր, որ կարող էր լիցքաթափել իրավիճակը։ Մի վայրկյանում, սակայն, ես ու իմ գործընկերները տեսանք՝ ինչպես սոցիալական ցանցերի՝ Ֆեյսբուքի ամբողջ նյուզֆիդը լցվեց Նիկոլ Փաշինյանին սատարող ու մեզ հայհոյող գրառումներով, կեղծիքներով, անմիջապես ֆեյսբուքյան կեղծ էջերով հարձակումներ սկսվեցին… դա նախապես պլանավորած էր: Այդ տեխնոլոգիաները շատ գրագետ կիրառվեցին։ Այդ օրերին նույնիսկ Одноклассники-ի օգտատերերի զանգվածային արտագաղթ եղավ Ֆեյսբուք…»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նա հիշեցրեց՝ Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու, եղավ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց դրանից հետո իրավիճակը ոչ միայն չհանդարտվեց, այլև ավելի սրվեց։

«ՀՀԿ պատգամավորների մեջ կարող էին լինել մարդիկ, ովքեր կարող էին դեմ լինել Կարեն Կարապետյանի թեկնածությանը, օրինակ՝ որոշ գործարարներ, որոնք դժգոհ էին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ որոշումներից։ Կառավարական ամառանոցում հանդիպումներից մեկի ժամանակ որոշում կայացվեց, որ Սերժ Սարգսյանը կգա Խորհրդարան, կհանդիպի ֆրակցիայի բոլոր պատգամավորների հետ, ինչը տեղի ունեցավ։ Մինչև առավտյան 6:30 Սերժ Սարգսյանը հանդիպեց պատգամավորների հետ՝ նրանց ասելով, որ պետք է ընտրել Կարեն Կարապետյանին»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

«Ցավոք, հետո Կարեն Կարապետյանը զանգվածային միտինգների, ճնշումների ֆոնին՝ հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ չի առաջադրվելու, ինչն ինձ համար շոկային էր, ու ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը վերցնում է իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը ևս այդ օրերին կարող էր հայտնված լինել թիրախում, որովհետև նրա կողմից բացատրությունը հնչել է, որ ընտանիքը խիստ դեմ է եղել, բայց բոլորս էլ մանկամիտ չենք, որ չհասկանանք, որ եղել են նաև այլ պատճառներ։ Գուցե նա կասկածներ է ունեցել, որ հնարավոր չի լինի ընտրվելուց հետո իշխանություն պահել»,- եզրափակեց Սամվել Ֆարմանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս