«Թուրքիայում տնտեսական դժվարությունները քաղաքացիներին շնչահեղձ են անում». թուրք գործիչ

Թուրքիայի «Նոր բարօրության կուսակցության» (Yeniden Refah Partisi) նահանգային կառույցի ղեկավար Սեբահաթթին Մավիգյոզը կոշտ հայտարարություններ է արել երկրի տնտեսական ճգնաժամի, սոցիալական անարդարության և կառավարական քաղաքականության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մավիգյոզն ընդգծել է, որ Թուրքիան պատմության մեջ իր ամենաբարդ փուլերից մեկում է։ Նա նշել է, որ տնտեսական դժվարությունները քաղաքացիներին շնչահեղձ են անում՝ միլիոնավոր մարդիկ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, վճարել վարձավճարները, իսկ սեղանին հացի չափաբաժինները գնալով կրճատվում են: Քննադատելով կառավարության հայտարարությունը նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների միջանկյալ բարձրացումներ չանելու մասին՝ Մավիգյոզը պատասխանել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարին։

Նա խիստ քննադատել է նաև կառավարության հարկային քաղաքականությունը։ Դեմ է արտահայտվել ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի՝ հարկային ստուգումներն ավելացնելու ծրագրին՝ նշելով. «Այս մտածելակերպը փորձում է տնտեսությունը կարգավորել շուկայի առևտրականի հաշվեմատյանը ստուգելով»։

Նա ընդգծել է, որ ամեն 100 լիրա արժողությամբ ապրանքից 65 լիրան կազմում է հարկը։

«Արդյո՞ք ազգը գոյություն ունի հենց միայն հարկեր վճարելու համար»:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Մավիգյոզը նշել է, որ գյուղացիներն աճող ծախսերի պատճառով հեռանում են արտադրությունից: Պարարտանյութերի և վառելիքի գները եռապատկվել են, իսկ էլեկտրաէներգիայի և ոռոգման ծախսերը արտադրությունը դարձրել են անհնար:

Մավիգյոզն անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ նշելով, որ նույնիսկ պետությունը չի պահպանում հաշմանդամների զբաղվածության քվոտան: Հիշեցնելով հաշմանդամության նպաստների անբավարարության մասին՝ նշել է, որ այդ օգնությունը զգալիորեն ցածր է սովի շեմից:

Կուսակցական գործիչը դժգոհել է, որ Թուրքիայի տնտեսությունը հիմնված է վարձակալության, այլ ոչ թե արտադրության վրա։

Տեսանյութեր

Լրահոս