Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով. Արմեն Հարությունյան

ՀՀԿ Ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյան գրում է. «Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ։ Դա հիշեցում է, որ արժեքները, կրթությունը և ազատ միտքը պետք է պաշտպանել։ Հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն քանդում է ոչ միայն պետական ինստիտուտները, այլև կրթական համակարգը՝ վերածելով այն ճնշման, ոչ թե զարգացնող մտածողության գործիքի։

Մեկ երկրում, որտեղ քննադատական մտածողությունը դիտարկվում է որպես «հաճախ տհաճ» երևույթ, իսկ համակրանքը՝ իշխանության հանդեպ՝ որպես անցագիր, դուք՝ ուսանողներդ, շարունակում եք մնալ սփոփանք ու հույս։ Մի երկրում, որտեղ հռչակվում է, թե «նորաձեւ է կրթված լինել», կրթությունը դարձել է մակերեսային մի բան՝ իրական բովանդակության լիակատար բացակայությամբ։ Իրականում, երբ կրթության անունից խոսում են նրանք, ովքեր քանդում են բուհական ինքնավարությունը, արհամարհում գիտական միտքը և վախենում մտավորականությունից, «նորաձեւությունը» վերածվում է քողարկված անդունդի։

Դուք եք հիշեցնում, որ, ի հեճուկս քաոսի, հնարավոր է պահել սկզբունքները։

Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով։ Բայց հենց այստեղ է պայքարի տեղը՝ համալսարանում, լսարանում, փողոցում։

Մի մոռացեք՝ Հայաստանը չի վերակառուցվելու լռող, հարմարվող «ուսանողների» շնորհիվ։ Այն կկառուցեն նրանք, ովքեր դեռ համարձակվում են հակառակվել, մտածել և բարձրաձայնել։

Սիրելի ուսանողներ, մաղթում եմ անսպառ եռանդ, նոր գիտելիքների ձգտում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ Թող ուսանողական տարիները լինեն ոչ միայն ուսման, այլ նաև անձնական աճի, ընկերության և հիշարժան պահերի շրջան։ Շարունակեք ձեր ճանապարհը վստահ և նպատակասլաց։

Հ.Գ. Այսօր դուք սովորում եք, վաղը՝ կղեկավարեք։ Իսկ ինչ արժեքներով՝ կախված է հենց այսօրվա ձեր ընտրություններից»։

Տեսանյութեր

Լրահոս