
«Փաշինյանի ճտիկը միանում է ու սկսում գոռգոռալ, երբ կոռուպցիայի մասին ենք հարցնում». Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 7 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե նախկինում տեղի են ունեցել կոռուպցիոն գործեր, բայց միայն խոսում է։
«Բա բացահայտեք, ամեն ինչը ձեր ձեռքում է, մուրճն էլ, մեխն էլ»,- շեշտեց Աննա Գրիգորյանը։
Խոսելով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պահվածքի ու հայտարարությունների մասին՝ պատգամավորն ասաց, որ երեկ տեղի ունեցածն այն մասին էր, որ 7 տարի առաջ գալով իշխանության՝ նրանք ասում էին, թե եկել են կոռուպցիան հաղթահարելու ու արմատախիլ անելու, սակայն ամենօրյա հրապարակումներ կան, թե իրենք ինչպիսի կոռուպցիայի մեջ են թաթախված ոտքից գլուխ։
«Ամեն անգամ, երբ փոքր-ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, Նիկոլ Փաշինյանի ճտիկը միանում է ու սկսում է գոռգոռալ, որովհետև լավ է հասկանում։
Սա՛ է, որ իրենց անհանգստացնում է»,- շեշտեց Ա. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց տվեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի, կոռուպցիայի վերաբերյալ, ասելով, թե՝ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեին, ապա ընդդիմությանը հիմա հանել էին կախաղան և առհասարակ Հայաստանից արտաքսել էին։
«Բա մամուլի հոդվածներում ձեր մասին ինչե՞ր են գրում, Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, դուք ի՞նչ գործ ունեք այս դալիճում։ Մամուլի հրապարակումներով եթե առաջնորդվեմ, ապա սաղիդ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալը»,- խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում