
ՀՀ ԱԺ խոսնակի՝ ՌԴ-ի դեմ «հարձակումներն» ու վիրավորանքները չեն համապատասխանում նրա դիրքին. Զախարովա
«Այս տարիների ընթացքում շատ բան եմ լսել, բայց որ ՌԴ-ն թաղապետարաններում է ինչ-որ բաներ կազմակերպում, առաջին անգամն էր»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ դեսպանատանն ուղղված մեղադրանքներին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը թաղապետի մասնակցությամբ ՌԴ դեսպանատան սադրանքն է եղել։
Նա նշեց, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման բան հորինել, որ Հայաստանի ինչ-որ թաղապետարանում անկարգություն տեղի ունենա, և ՌԴ դեսպանատունը դրանում խառնված լինի։
«Դժվարությամբ եմ պատկերացնում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ։ Ես հակադիր հարց ուղղեմ՝ իսկ նրանք փաստեր ունե՞ն, թեկուզ ինչ-որ բան, թե ինչպես ՌԴ դեսպանատունը կարող էր այդ հարգարժան թաղապետարանում իրեն ինչ-որ կերպ դրսևորել, ինչպե՞ս։ Օրինակ՝ Բայդենը, նրա ողջ թիմը, Քլինթոնը հորինել էին ռուս հաքերների պատմությունը, որոնք նրանց խանգարում էին ապրել։ Հետո պարզվեց, որ այդ ամենը ճիշտ չէ։ Ինչ-որ մեկը հորինել էր «Նովիչոկի» պատմությունը․․․ Ինչպե՞ս էր տեխնոլոգիապես հնարավոր նման բան, նրանց տեսանկյունից, ովքեր մեղադրում են Ռուսաստանին ու ՌԴ դեսպանատանը անկարգություններում կամ խնդիրներում, որոնք․․․ ինձ իսկապես հետաքրքիր է։ Ես շատ բան եմ լսել։ Թաղապետարանների մասին չէի լսել, առաջին անգամն էր, կցանկանայի հասկանալ, թե ինչպես են դա նրանք պատկերացնում։ Իրականում ինձ մոտ տպավորություն է, որ դա ներքաղաքական հարցերն արտաքին քաղաքական գործոններով լուծելու փորձ է»,- ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, թե ՌԴ-ն մեծ փող է ծախսում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի համար, Զախարովան ասաց, որ ինչ ասես՝ չեն լսել տարբեր երկրներից ՌԴ միջամտության մասին։
«Կրկնեմ, որ մենք չենք միջամտում, նման փաստեր չկան, որ մենք ընտրությունների ենք միջամտում ինքնիշխան երկրներում։ Ինչում փորձել են վիրավորական ձևով մեղադրել, պարզվել է, որ ապատեղեկատվություն է՝ կրկին ներքաղաքական օգտագործման համար նախատեսված՝ երբեմն դրանով հիմնավորելով սեփական արտաքին քաղաքական քայլերը»,- ասաց Զախարովան՝ շարունակելով, որ նման հայտարարությունները չեն նպաստում բարենպաստ ֆոնի ձևավորմանն առաջիկա բարձրաստիճան շփումներին ընդառաջ։
Զախարովայի կարծիքով, ՀՀ տարածքում երևի թե սկսում են կիրառել բրյուսելյան մեթոդաբանությունը։
«Մեղմ ասած, ցավալի է հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Ռոբերտի Սիմոնյանը, այդ վիրավորանքները, «հարձակումները» չեն համապատասխանում ԱԺ խոսնակի դիրքին»,- ասաց Զախարովան։