Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի Մարսելը, որտեղ Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները ջերմ ընդունելություն են գտել և տասնամյակների ընթացքում դարձել են օրինակելի մարսելցիներ և իրենց ներդրումն են բերել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև, որ նախաձեռնել եք շարունակել ու խորացնել համագործակցությունը Երևանի հետ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Բենուա Պայանը նշել է. «Մեր այցը շատ նշանակալի և կարևոր է մեզ համար, որովհետև մենք ներկայացնում ենք Մարսելը, որտեղ հայերը կարևոր դեր են ունեցել, ունեն և վստահաբար, շարունակելու են այդ դերն ունենալ, և Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում»:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ օրակարգային հարցեր: Դրականորեն շեշտվել է Մարսելի և Երևանի միջև համագործակցության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդման ուղիները։ Կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև առկա բազմաշերտ փոխգործակցությանը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացմանն ու առկա համատեղ ծրագրերին, այս համատեքստում շեշտվել է ֆրանսիական լավագույն փորձի փոխառության և կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի արդյունավետ համագործակցության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրումը։

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է կայուն և հարատև խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում։ Մարսելի քաղաքապետը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խստիվ պահպանման շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031