«Մենք հետքայլ չենք արել, եթե փորձեն ստել՝ հայտարարելու ենք հանրահավաք ու գնալու ենք կոշտ քայլերի». Արտակ Մկրտչյան

Երեկ Կառավարությունը հերթական նիստում որոշում ընդունեց ևս 2 ամսով երկարաձգել արցախցիներին տրամադրվող 40.000 դրամ աջակցությունը։ Այս որոշումից առաջ արցախցիներն Ազատության հրապարակից արդեն հանել էին իրենց շտաբ-վրանը, ինչն արժանացավ բազմաթիվ մարդկանց քննադատությանը, թե արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը մարտի 29-ին վրանը տեղադրել էր՝ հետքայլ արեց ու զիջեց ՀՀ կառավարությանը։

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանն արձագանքելով այս քննադատություններին՝ ասաց, որ ՀՀ փոխվարչապետի հետ բանակցությունները 1 կետի շուրջ են եղել, ավելին՝ շտաբ-վրանի հանելը չի նշանակում, որ պայքարն ավարտվել է, այն շարունակվում է։

«Մենք հետքայլ չենք արել, ուղղակի մարդկանց ահազանգերին հետևելով՝ հասկացել ենք, որ նրանք դժվարին կացության մեջ են, չեն կարողանում իրենց վարձակալած բնակարանների գումարը տալ, դժվարին որոշում կայացրեցինք և Ազատության հրապարակից հանեցինք շտաբ-վրանը։ Մենք հստակ հայտարարել ենք, որ պայքարը չենք դադարեցնելու, այն շարունակելու ենք արդեն գրասենյակից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ փոխվարչապետի հետ քննարկումների ժամանակ Կառավարության ներկայացուցիչը համաձանել է արցախցիների հետ աշխատել մասնագիտական խմբերով, ընդունելով, որ իրենց սոցիալական ծրագրերի հիմնական մասը ձախողել են կամ պատշաճ չեն իրականացվում։

Կարդացեք նաև

«Մենք էլ ենք հասկանում, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում հնարավոր չէ ակնկալել լուրջ փոփոխություններ, բայց բնակապահովման ծրագրի շուրջ պետք է լինեն հստակ փոփոխություններ։

Եթե հանկարծ ինչ-որ բան սխալ գնա, կամ փորձեն մեզ ստեն ու ժամանակ շահեն, ապա այդ դեպքում մենք հայտարարելու ենք հանրահավաք ու գնալու ենք կոշտ քայլերի։ 1 վրանի փոխարեն՝ Ազատության հրապարակում տեղադրելու ենք 100-ավոր վրաններ։

Եղանակային այս պայմաններում մարդիկ հայտնվելու էին դրսում, եթե այդ սոցիալական աջակցությունը չլիներ, դա էլ արդյունք կլիներ, որ այդ մարդիկ ինչ-որ կերպ արտագաղթեին, բայց Արցախ վերադառնալու համար մենք պետք է Մայր Հայաստանում մնանք, որպեսզի միասնական վերադառնանք»,- շեշտեց Արտակ Մկրտչյանը։

Նա նաև փոխանցեց՝ իրենց պայքարը շարունակվելու է Կառավարության ներկայացրած իրենց 12 պահանջներից 11-ի շուրջ ևս։

«Եթե մենք չհավատանք ու չպայքարենք, որևէ բանի չենք հասնելու»,- ընդգծեց Արտակ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախահայերի հրավիրած հանրահավաքը, որից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ արցախահայերի հավաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու վերաբերյալ։ Հանրահավաքից հետո վրան տեղադրվեց Ազատության հրապարակում,  արցախցիները 3 անգամ հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, բոլոր հանդիպումների արդյունքները նրանց չբավարարեցին։ Սակայն նրանք համաձայնեցին վրանը հանել Ազատության հրապարակից, որպեսզի Կառավարությունը 40 հազար դրամ աջակցության տրամադրումը երկարաձգի ևս 2 ամսով։

Տեսանյութեր

Լրահոս