
Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք, տասնյակ քաղաքացիների օգտին դրսևորելով ապօրինի անգործություն, չեն արձանագրել վերջիններիս կողմից՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը և աջակցել են վարչական պատասխանատվությունից զերծ մնալուն, որի դիմաց որպես կաշառք նրանցից ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ իրավախախտման նշված դեպքերի վերաբերյալ վարչական վարույթներ չեն հարուցվել, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 5.250.000 ՀՀ դրամի վնաս:
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:
Իրենց օգտին ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած 9 անձանց նկատմամբ նախաքննության ընթացքում հարուցվել են քրեական հետապնդումներ:
Վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: