Կառավարության նիստին էի, Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի մասին չգիտեմ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքին, էթիկայի հետ կապված հարցերին, ՄԻՊ–ը հայտնեց, որ կառավարության նիստին լինելու պատճառով դեռևս չի հասցրել ծանոթացել տեղեկատվությանը:

Անդրադառնալով թաղապետին վերագրվող, նախորդ օրը տարածված հեռախոսազրույցին՝ Մանասյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի: Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով: Ըստ էության, ՄԻՊ հաստատությունը չէ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով: Բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ, հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն: Բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա»:

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են թաղապետարանի աշխատակիցներն ու անձամբ թաղապետը ծեծում Արթուր Չախոյանին։

Տեսանյութեր

Լրահոս