Ավտոբուս նստել, տաքսու արագություն ուզելը պետության և ապապետության մասին է. Փաշինյան

Աշխարհի բոլոր կառավարություններն ու պետական մարմինները դանդաղ են, քանի որ կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ մասին ցույց են տվել իր կողմից արված հետազոտության արդյունքները։

«Շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ։ Միաժամանակ պետք է հիշել, որ կառավարությունը պետք է լինի դանդաղ, քանի որ կառավարությունն այն մարմինն է, որ պետք է 7 չափի, մեկ կտրի»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա շատ տպավորված է Էստոնիայի պետական կառավարման համակարգից, որտեղ վերջերս մեկնել էր պաշտոնական այցով։

Ըստ նրա` Էստոնիայում ծրագրերը պլանավորում են 6 ամսից մեկ տարի ժամանակահատվածով, իսկ մեզ մոտ որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։

«Օրինակ` մեզ մոտ պլանավորում ենք, որ 6 ամսից պետք է որոշումն իրականացնենք, սակայն այդ որոշումը տանում ենք համայնք ու ասում ենք` դե շուտ արա, 3-4 օրում պիտի անես։ Այդպես չի լինում, ընթացակարգ կա։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք, որ դա ժամանակին արվի, դա պետք է պլանավորվի ոչ թե մեկ շաբաթ առաջ, այլ երկու տարի առաջ։ Մինչդեռ գալիս է, օրինակ, բիզնեսն ու ասում է` դե, ուշանում եմ, քշի, սակայն ասում ես` մի րոպե, եղբա՛յր, սա տաքսի չէ, սա ավտոբուս է, քանի որ այն ունի իր երթուղին, արագության ստանդարտը, անվտանգության յուրահատուկ կանոնները, կանգառներ, որտեղ նա պետք է կանգնի։

Հնարավոր չէ բարձրանալ ավտոբուս ու տաքսու տեմպով առաջ գնալ, քանի որ կլինեն ուղևորներ, որոնք կանգառներում պետք է իջնեն, ու արդյունքում պետք է առնվազն պատուհաններից դուրս թռնեն կամ միջադեպեր լինեն ավտոբուսի վարորդի հետ։ Ավտոբուսը պետք է արագ լինի ավտոբուսի ստանդարտով»,– այլաբանորեն բացատրեց Փաշինյանը։

Ըստ նրա` այս տեմպերով մենք պետություն չենք դառնա, քանի որ անգամ երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կրուտոյ» չէ:

Տեսանյութեր

Լրահոս