Ինչո՞ւ Նիկոլն Էստոնիայում ծաղկեպսակ դրեց «ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԶՈՀԵՐԻ» հիշատակի պատի մոտ, եթե մի քանի օրից պատրաստվում է Մոսկվայում հարգանքի տուրք մատուցել խորհրդային հաղթանակին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իմ կարծիքով՝ շատերի մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլն Էստոնիայում ծաղկեպսակ դրեց «ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԶՈՀԵՐԻ» (չշփոթել ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ զոհերի հետ) հիշատակի պատի մոտ, եթե մի քանի օրից պատրաստվում է Մոսկվայում հարգանքի տուրք մատուցել խորհրդային հաղթանակին՝ Մեծ Հայրենականի 80-ամյակի շրջանակում։ Տվյալ դեպքում հարցը սիմվոլիկայի մասին չէ միայն՝ այլ քաղաքական ուղերձների և աշխարհաքաղաքական ինքնության։

Այս երկու գործողությունները ներկայացնում են տրամագծորեն հակադիր պատմական նարատիվներ, և երբ երկրի ղեկավարը մասնակցում (պատրաստվում է մասնակցել) է երկու արարողությանը միաժամանակ, առաջանում է մի զգացողություն՝ մարդը պարզապես պարում է տարբեր բեմերում՝ առանց սեփական դիրքորոշման։

Սա հերթական դրսևորումն է Նիկոլի՝ այսպես կոչված «գաստրոլային» վարքագծի կամ որ նույնն է աշխարհաքաղաքական «անտերության»։ Որտեղ հնարավոր է լուսանկարվել, հարգանքի տեսարան ստեղծել, նա այնտեղ է՝ ոչ մի խորքային հաշվարկ, ոչ մի հստակություն։ Այս ամենը գալիս է մեկ բանից՝ գաղափարական բացակայություն։ Գատնիք չէ, որ Նիոկլի իշխանության համար էական չէ՝ որ պատմական ճշմարտության կողքին են կանգնած, կարևորը՝ տվյալ պահին «սրտները չկոտրվեն»։

Ի դեպ, հենց այս համատեքստում պետք է դիտարկել նրա երբեմնի հայտարարությունը՝ «իզմեր» չունենալու մասին։ Դա զուտ բառախաղ չէր, այլ բացահայտ ընդունում՝ որ ինքը և իր թիմը որևէ գաղափարական կամ արժեհամակարգային հենք չունեն (դրանում մի քանի 100 անգամ համոզվել ենք)։ Այդ «իզմերի» բացակայությունն է, որ թույլ է տալիս օրըստօրե խաղալ հակասական դաշտերում՝ առանց ներքին խզում ապրելու, առանց հանրային բացատրության անհրաժեշտություն զգալու։

Մնացածը՝ կապ չունի։ Կապ չունի՝ մեր պատմությունը խեղաթյուրվո՞ւմ է, թե՞ ոչ, կամ ով ինչ գնահատական կտա։ Իսկ երբ հարցեր են հնչում, այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչները փորձում են ծածկել անհամատեղելին՝ ինչպես Ալենը, ով փրփուրը բերանին հայտարարում է. «Բա ինչ պիտի անի, Մոսկվա պիտի գնա, մեր պապերն էլ մասնակցել են այդ հաղթանակին»։

Բայց սա բացատրություն չէ, այլ ինքնախոստովանություն։ Խոստովանություն այն բանի, որ ուղեգիծ չկա։ Եվ երբ քաղաքական իշխանությունը չունի ուղղություն, արժեհամակարգ ու հետևողականություն, ծաղկեպսակները դառնում են ոչ թե հարգանքի նշան, այլ՝ ինքդ քեզ կորցնելու խորհրդանիշ։ Արդյունքում ստացվում է մի պատկեր, որում «պետության ղեկավարի» խորհրդանշական արարքները դառնում են ոչ թե համազգային համախմբման և դիրքորոշման արտահայտություն, այլ՝ տուրիստական շրջագայությունների դիպվածային անոտացիաներ։

Հ.գ. Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում դեպի Եվրոպա վիզա ստանալու գործընթացը մեր քաղաքացիների համ բարդացել է, համ՝ թանկացել: Եթե Եվրոպա գնալը շարքային քաղաքացու համար կրկնակի գումար վճարելու տեսքով է, Նիկոլի դեպքում այն նույնպես գին ունի. գրեթե կասկած չունեմ, որ վերջինիս ցանկացած եվրոպական երկիր այցի «գինը» լինելու է որևէ հակառուսական հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու կամ հակառուսական միջոցառման մասնակցելու տեսքով»:

Տեսանյութեր

Լրահոս