#ՀԻՄԱ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է․ ԻՄՊԻՉՄԵՆՏ ՍԿՍԵԼՈՒ ՆԱՄԱԿՆԵՐ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ․ #ՈՒՂԻՂ

107 նամակ 107 պատգամավորի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակները։

Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկեցին նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։

«Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է որոշել այն պատգամավորը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը»,–լրագրողներին ասաց Ղազարյանը։

«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը նշեց, որ իմպիչմենտի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է։ Մալյանի վստահեցմամբ` իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ–ական պատագմավորներ կան։

Նրա խոսքով` այսօրվանից սկսած կփորձեն հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Կփորձեն հանդիպել նաև ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ։

«Դրանք կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու»,- տեղեկացրեց Մալյանը։

Նա նշեց, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և «Արթուն ենք» շարժումն անվերապահ կաջակցի նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։

Եթե նրանք չառաջադրեն որևէ թեկնածուի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս