
Հայոց ցեղասպանության հարցը Փաշինյանն ու Էրդողանը չեն կարող փակել՝ իրենց մասշտաբի հարց չէ. այն նման է Արցախից հրաժարվելու պրոցեսին, նույն մեխանիզմն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղերձ էր հրապարակել, որտեղ 2 անգամ «Հայոց ցեղասպանություն» տերմինին զուգահեռ՝ օգտագործել էր «Մեծ Եղեռն» եզրույթը։
«Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու և գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան, անձնական ողբերգություն է։
Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»,- իր ուղերձում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա այս ուղերձից հետո օրվա խորհրդի հետ կապված՝ տարբեր պետություններ, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններ նույնպես ուղերձ էին հղել։ ԱՄՆ դեսպանն իր ուղերձում առհասարակ «Հայոց ցեղասպանություն»-ը չէր օգտագործել, ԱՄՆ նախագահ Թրամփը՝ նույնպես։ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունն էլ օգտագործել էր, այնուհետև գրառումը սրբագրել՝ «ցեղասպանություն» բառը փոխարինելով «Մեծ Եղեռն» եզրույթով։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում միայն 2 անգամ է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, բայց ակնհայտ է, որ նա դա փոխարինում է «Մեծ Եղեռն»-ով՝ որպես այդպիսին, հրաժարվում «ցեղասպանություն» տերմինից։
«Ավելին ասեմ՝ այդ ուղերձում նա Թուրքիա բառն առհասարակ չի օգտագործում, պահանջատիրության որևէ տող չկա, պատմական արդարության, դատապարտելու մասին նույնպես, նույնիսկ ակնարկ չկա։
Այստեղ կա նաև երկրորդ հանգամանքը՝ նա գրեթե նույն բառապաշարով խոսեց, ինչ Էրդողանն է խոսում, այսինքն՝ «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքեր» և այլն։ Մինչդեռ, Հայոց ցեղասպանությունը միայն 1915 թվականի ապրիլի 24-ին չի տեղի ունեցել, այն մի ամբողջ գործընթաց էր։ Ապրիլի 24-ը հայ մտավորականությանը աքսորելու ու կոտորելու օրն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա բնորոշմամբ՝ ակնհայտ է, որ «ցեղասպանություն» հասկացությունը Թուրքիան փոքրացնում է, նենգափոխում, իսկ Փաշինյանը գնում է նույն ճանապարհով։
«Վստահ եմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի աչքին առնվազն լավ երևալու ակնկալիք ունի։ Ցավալին այն է, որ մնացած բոլոր առաջնորդները հետևում են այս 2 երկրների օրինակին։ Տեսնելով, որ պայքար հայկական կողմից չկա, ինչո՞ւ պետք է ակնկալել, որ Թրամփը կամ մեկ ուրիշը կասի՝ ցեղասպանություն։ ԵՄ դիտորդներն իրենց ուղերձում այդ բառը հանեցին այն բանից հետո, երբ տեսան, որ պաշտոնական Երևանի բառապաշարում բառը չկա»,- շեշտեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ սփյուռքը չի դադարում կատարել աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առաջ մղելու համար։ Բացի սփյուռքից, Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիային զսպելու քաղաքական խնդիր, շարունակում է մնալ տարբեր երկրների օրակարգում։ Մինչդեռ պաշտոնական Երևանն այս պահին դադարեցրել է Ցեղասպանության խնդրի հետ կապված ցանկացած քայլ։
«Հայոց ցեղասպանության հարցն այսօր միայն հայերի ու թուրքերի հարցը չէ, այն մեր տարածաշրջանի օրակարգի հարց է, որը տարբեր ժամանակներում ու տարբեր ինտենսիվությամբ շահարկում են տարբեր երկրների ղեկավարներ։ Մենք տեսանք Լիբանանի նախագահի հայտարարությունը, Հունաստանից ևս հնչեցին հայտարարություններ։ Այս հարցը ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Փաշինյանը չեն կարող փակել, սա իրենց մասշտաբի հարց չէ։
Երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվում «ցեղասպանություն» եզրույթից, պարզ է, որ ուրիշները ևս չեն օգտագործելու։ Այս պրոցեսը նման է Արցախից հրաժարվելու պրոցեսին, նույն մեխանիզմն է։
Ինքը գնաց Պրահա և ասաց, որ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, մյուս բոլոր երկրների ղեկավարները սկսեցին հարցն այդ տիրույթում դիտարկել։ Հիմա Արցախը հանձնելու փորձառությունն ունենալով՝ Փաշինյանը և Էրդողանը նույն մեխանիզմով փորձում են Հայոց ցեղասպանության հարցը փակել»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։