
Նպատակ ունեն ամեն գնով դատական նիստերը հետաձգել․ Ցորի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ
2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա թշնամու հարձակմանը և դրա ծանր հետևանքներին:
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ, մասնավորապես, վերաքննիչ բողոք է ներկայացրել տուժող կողմը՝ պահանջելով պատժի խստացում՝ 8 տարվա ազատազրկում:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ է հրավիրվել, որը կարճ ժամանակ անց հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 16-ին:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ իրենց կարծիքով` ՊԲ նախկին հրամանատարի պատիժը շատ մեղմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանի անփույթ գործողությունների հետևանքով 20 երիտասարդ է զոհվել, ինչպես նաև տեխնիկայի և գաղտնիք պարունակող փաստաթղթերի կորուստ ենք ունեցել:
«Այդ առումով գտնում ենք, որ առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժ է նշանակել, մնացած առումներով օբյեկտիվ դատական ակտ է կայացվել: Պահանջում ենք առավելագույն պատիժ՝ 8 տարվա ազատազրկում»,- մանրամասնեց նա:
Լիպարիտ Սիմոնյանն ակնարկեց, որ և՛ դատական մարմինները, և՛ Ջալալ Հարությունյանի պաշտպանական թիմն ամեն ինչ անում են, որ հասնեն մեղադրանքի վաղեմության ժամկետի կիրառմանը, որը լրանում է հոկտեմբերի 12-ին:
Մանրամասները՝ տեսանյութում