Առաջարկ է եղել մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանել Ավետիք Իսահակյանի անունով. ԿԳՄՍ նախարար

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ Է ներկայացվել քաղաքապետարան։ Կառավարությունում կայացած ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ հաշվի առնելով հարևանությամբ տեղադրված Իսահակյանի արձանն ու հոբելյանական տարին` քաղաքապետարանը հարցը քննարկի։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան․ կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է»,- ասաց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ տարածքն ունի պատմություն, անվանումն էլ կապված է պատմության հետ, ու հարցն ամբողջական կդիտարկեն։

«Միևնույն ժամանակ մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջը հիմա տարբեր գործունեություններ են զարգացել, և արձանը կարծես ստվերվել է։ Հիմա սպասում ենք»,- նշեց նա։

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930