
Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը

Վատիկան քաղաք-պետության Առողջապահության և հիգիենայի բաժանմունքի տնօրեն բժիշկ Անդրեա Արկանջելին հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պաշտոնական բժշկական զեկույցը։
Այս մասին հայտնել է Vatican News-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը կաթվածն է եղել, որին հաջորդել է կոման և սրտանոթային համակարգի անդառնալի կոլապսը։
Բժշկական զեկույցի համաձայն՝ Հռոմի պապը նախկինում ունեցել է սուր շնչառական անբավարարություն, որն առաջացել է երկկողմանի թոքաբորբի, բազմաթիվ բրոնխէկտազների, արյան բարձր ճնշման և II տիպի շաքարախտի հետևանքով:
88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո), որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:
Վատիկանը դեռևս չի հայտնել հուղարկավորության ամսաթիվը կամ պաշտոնական պլանները, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո:
Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։ Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը կհոգա նրա հուղարկավորության ծախսերը։ Սանտա Մարիա Մաջիորեում թաղված են Հռոմի 7 նախկին քահանայապետներ, բայց Ֆրանցիսկոս պապը կլինի առաջինը շուրջ հարյուր տարվա ընթացքում, որ ընտրել է Վատիկանից դուրս գտնվող հուղարկավորման այս վայրը։
Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է ժողովրդին, ինչը հանդիսացել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։