Փաշինյանը Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում:

Փաշինյանը  ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը և արդյունավետ փոխգործակցության հույս հայտնել:

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Այս համատեքստում, զրուցակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել:  Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթությունն է:

Իր հերթին, Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս