
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրի քաղաքի քաղաքապետի պաշտոնը
Վարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը սկսվեց աղոթքով, այնուհետև հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո նորընտիր համայնքապետը մոտեցավ ամբիոնին։
«Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,– հայտարարեց նա։
Երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա իր ելույթում նշեց, որ վերջին 20 տարիներին չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, ու բացատրեց, թե ինչու է այսօր եկել։
«Այս անգամ ես ոչ մի պայման առաջ չեմ քաշել ու համաձայնել եմ գալ, որովհետև հայրենիքի այս վիճակում գտնվելու և մեր քաղաքի այս վիճակում գտնվելու պայմաններում բարոյական չեմ համարել որևէ պայման առաջ քաշելը։ Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մենք այս պահին անհրաժեշտ ենք այստեղ, մենք այստեղ ենք»,- ասաց նա։
Շիրակի թեմի առաջնորդի ելույթից հետո Վարդան Ղուկասյանին հանձնվեց քաղաքապետի լանջաշղթան ու Գյումրի քաղաքի խորհրդանշական բանալին։